Ընթերցանյութ 4: Յուրահատուկ լուծման ձևավորում
Անցած շաբաթ դուք արդեն ունեիք այն խնդիրը, որը կցանկանաք լուծել։ Այսօր վերջնականորեն ձևավորելու ենք ձեր լուծումը։ Եվ որպեսզի այն լինի իրատեսական, կայուն և հետաքրքիր, պետք է նրա հետևում լինի խորը ուսումնասիրություն և պլանավորում։
Մինչ կարդալ սկսելը, վերցրո՛ւ քո աշխատանքային տետրը, որպեսզի անես նշումներ։
Մաս 1. Խնդրից լուծում անցում
Ինչպե՞ս կարող ես լուծել խնդիրը
Հիշո՞ւմ ես «ինչպե՞ս կարող ենք» (how might we) հարցը։ Այն ուներ այս կաղապարը՝
Ինչպե՞ս կարող ենք [գործողություն] [շահող կողմի] համար, ով ունի [կարիք]:

Այստեղ գործողությունը այն մեթոդն է, որով պլանավորում եք անդրադառնալ խնդրին, շահող կողմը նա է, ում համար լուծելու եք խնդիրը, իսկ կարիքը՝ շահող կողմի «ցավը», որին անդրադառնալու եք։

Քո լուծումը լինելու է այս հարցի հարյուրավոր պատասխաններից մեկը։
Արի՛ վերցնենք մեկ պարզ օրինակ։

Դու ցանկանում ես լուծել Երևանի փողոցներում առկա թափոնների/աղբի խնդիրը։
Այս և յուրաքանչյուր խնդրի համար, դու թիրախավորելու ես այն մարդկանց խումբը, որը, քո կարծիքով, կարող է լուծել խնդիրը: Դուք կարող եք փորձել ներգրավել նրանց դրական հույզերի կամ բացասական հույզերի/վախի/զայրույթի միջոցով:
1) Եթե դու խոսում ես սովորական քաղաքացիների հետ, կարող ես օգտագործել և՛ դրական, և՛ բացասական էմոցիաները.

  • դրական. ինչպե՞ս կարող ենք հեշտացնել երևանցու համար փողոցով քայլելիս աղբը աղբաման նետելը:
  • բացասական. ինչպե՞ս կարող ենք երևանցուն ստիպել ամաչել աղբը աղբաման չգցելու համար:
2) Եթե խոսում ես պետական պաշտոնյաների հետ, մտածիր, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ես նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը կամ միգուցե կաշխատի գումար։
Հիմա փորձիր ամբողջացնել այս հարցը քո խնդրի համար։ Այս հարցին պատասխանելով կգտնենք կատարյալ լուծումը։
Եկեք կարճ ծանոթանանք կոգնիտիվ աղավաղման հետ։ Գիտե՞ք՝ դա ինչ է։
Կոգնիտիվ աղավաղում
Օրինակ՝ ծխողները 1960-ականներին, երբ ծխելու վնասների վերաբերյալ բժշկական հետազոտություններն այդքան էլ պարզ չէին, ավելի հավանական էր, որ հետաքրքրված կլինեին կարդալու
«Ծխելը չի հանգեցնում թոքերի քաղցկեղի» վերնագրով հոդվածը, քան «Ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի»:
Երբ մենք ցանկանում ենք, որ ինչ-որ բան ճիշտ լինի, մենք ուշադրություն ենք դարձնում միայն այն բաներին, որոնք համապատասխանում են մեր ցանկությանը։ Իսկ հետո, երբ մենք եզրակացություններ ենք անում դրանցից, շնորհավորում ենք մեզ հիմնավորված որոշման համար:

Այս երևույթը կոչվում է կոգնիտիվ աղավաղում կամ կողմնակալություն:
Հիշեք այս մասին և փնտրեք ոչ թե այն, ինչին արդեն հավատում եք, այլ տարբեր տեսակետների և կարծիքների հաստատում:
Ձեր ուսումնասիրության ժամանակ՝ երբ կփորձեք խնդիրը ավելի լավ հասկանալ, ուշադիր եղե՛ք այս կոմպոնենտին։
Մաս 2. Լուծման ուսումնասիրություն
Նախնական հետազոտություն
Դու հավանաբար արդեն արել ես ուսումնասիրություն քո խնդիրը ավելի լավ հասկանալու համար։ Հիմա ժամանակն է նույնը անել լուծման համար։
  • Ինչպե՞ս են այս խնդիրը լուծում այսօր քո համայնքում/Հայաստանում։
  • Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվում այսօր այլ համայնքներում/երկրներում։
  • Ովքե՞ր են ձեր մրցակիցները։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն։

Վերջին հարցի պատասխանները դուրս գրելիս պետք է փորձել հասկանալ ձեր հիմնական տարբերությունները ձեր մրցակիցներից։ Ինչո՞վ եք ավելի լավը։ Ինչո՞ւ պետք է այս խնդրի լուծումը վստահել ձեզ, այլ ոչ թե նրանց։
Շա՜տ լավ կլինի, եթե 4-րդ հանդիպմանը միանաս արդեն ունենալով այս հետազոտության արդյունքները։ Այն քեզ կօգնի ավելի լավ կողմնորոշվել։
Մաս 3. Լավագույն Լուծումը
Լուծման ընտրություն
Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց առաջին գաղափարները հազվադեպ են ամենալավ և ստեղծագործական գաղափարները: Ընդամենը մեկ բեկումնային գաղափար ստեղծելու համար սովորաբար պահանջվում է մտագրոհի (brainstorming) երկարատև գործընթաց, որի ժամանակ դու ստեղծում ես պոտենցիալ լուծումների մեծ քանակություն, մինչև վերջապես հասնես քո ամենաստեղծագործական գաղափարին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավ լուծումներ մտածելու համար դու պետք է՝
1) Ինքդ գնաս, տեսնես խնդիրը և լինես քո շահառուի կարգավիճակում,
2) Ուսումնասիրես խնդիրը և աշխարհում առկա պոտենցիալ լուծումները։
Հիշի՛ր և նկատի՛ր կոգնիտիվ աղավաղումը։

Երբ դու ցանկանում ես, որ ինչ-որ բան ճիշտ լինի, ուշադրություն ես դարձնում միայն այն բաներին, որոնք համապատասխանում են քո ցանկությանը։ Նկատի՛ր քո գաղափարի թույլ և ուժեղ կողմերը։
Ուսումնասիրության արդյունքում դուրս բերած գաղափարները դասավորելու և ամենաիրական և մեծ ազդեցությունն ունեցողն ընտրելու համար մի լավ մեթոդ կա։
Այն նաև օգտագործում են Նիդեռլանդների THINK դպրոցում ։

1) Գծում ենք կոորդինատային 2 առանցք

2) Մեկը՝ հաջողության հասնելու հավանականություն։ Այսինքն որքան աջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես այն անել , և նախագիծը կկայանա և կլինի հաջողված:
Մյուսը՝ դրական ազդեցության մեծությունը։
Այսինքն որքան վերև, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի վրա։

3) Գծելուց հետո սկսում ենք շարել այս մատրիցայի վրա մեր բոլոր գաղափաները ըստ իրականատեսության և ազդեցության չափի։

Նախ հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ եմ ես դա անել։
Իսկ հետո՝ ինչքա՞ն մեծ կլինի դրա ազդեցությունը/հաջողությունը։

Ու կտեսնենք որ դրանք դասավորվում են տարբեր քառորդներում։

Մեզ հարկավոր է աջ վերևինը՝ ամենամեծ ազդեցություն ունեցողն ու ամենաիրատեսականը



Ինչ լավ կլինի, եթե ստացվի (ազդեցություն)
Ես դա կարո՞ղ եմ անել (իրատեսական)
Շնորհավորում եմ․ դու գտար քո լուծումը։

Եթե ունես կասկածներ, սա դեռ քննարկելու ենք հանդիպման ժամանակ։