Ընթերցանյութ 3: Բնություն
Ի՞նչ ես կարծում՝ որո՞նք են կանաչ քաղաքներում ապրելու առավելությունները։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Լինելով ճարտարապետ և ունենալով քաղաքաշինական կրթություն՝ Լերները Կուրիտիբայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց երեք անգամ, որի ընթացքում նա նախաձեռնեց և վերահսկեց քաղաքային պլանավորման և կայունության նորարարական նախաձեռնություններ։ Նրա ջանքերի շնորհիվ արդեն 2020-ի վերլուլուծությունները ցույց տվեցին, որ Կուրիտիբայն աշխարհի ամենականաչ և կայուն քաղաքներից մեկն է։

Իսկ ինչպե՞ս է քաղաքին հաջողվել հասնել նման հաջողության՝
• Տնկվել է մոտ 1,5 միլլիոն ծառ
• Բացվել է 28 նոր այգի
• Ներդրվել է թափոնների վերամշակման ծրագիր
• Քաղաքում ստեղծված թափոնների 70%-ը սկսվել է վերամշակվել
• Ավտոբուսները արագ են, ուղևորավարձը՝ ցածր
• Ավտոբուսները նաև քիչ CO2 ու վնասակար գազեր են արտանետում
• Կա Շրջակա միջավայրի անվճար համալսարան, որը բոլոր քաղաքացիներին սովորեցնում է կայունության մասին
• Քաղաքը լի է իր Կանաչ լինելու մասին բացատրական ցուցանակներով
Գիտեի՞ր, որ կանաչ տարածքներին մոտ ապրող մարդիկ ավելի երջանիկ են։ Դա ապացուցել են Վիսկոնսինի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով 229 քաղաքի ավելի քանի 2500 բնակչի։ Միջինից 10%-ով ավելի քիչ կանաչ տարածքներ ունեցող բլոկների վրա ապրող մասնակիցներն ավելի մեծ հավանականություն ունեին հայտնելու ստրեսի և դեպրեսիայի մասին: Հետևելով այս տրամաբանությանը՝ «աղքատ» բնակիչը, որն ապրում է ավելի շատ ծառեր և բաց տարածություն ունեցող տարածքում, կզեկուցի, որ ավելի երջանիկ է, քան կանաչ տարածություն չունեցող տարածքում ապրող «հարուստ» բնակիչը:

Հիմա եկեք տեղափոխվենք Կուրիտաբան, Բրազիլիա՝ աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը։

Կուրիտիբանն ի սկզբանե կանաչ չի եղել։ Ջեյմի Լերները, ով ծնվել ու մեծացել էր Կուրիտիբայում, փոքրուց երազել էր քաղաքը տեսնել կանաչ։ Տարիներ հետո, երբ նա դարձավ քաղաքապետ, 1972-ին սկսեց Կուրիտիբան կայուն քաղաքի վերածելու ծրագրերը։
1
3
2
Հետաքրքրական է, որ քաղաքում կանաչ տարածքների ավելացմանը զուգահեռ՝ աղքատության տոկոսը անկում է ապրել, և բնակչության թիվը մեծ աճ է գրանցել։ Ծրագրի ներդրումից 30 տարի անց տնտեսական աճի տեմպը 3,1%-ով բարձր է եղել ազգային միջին աճից, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 66%-ով է բարձր եղել։ 2021-ի տվյալներով՝ վերջին 60 տարում Կուրիտիբայի բնակչությունն ավելացել է 1000%-ով՝ հասնելով ապշեցուցիչ 2 միլիոնի: Բնակչության մեծ աճը պետք է հանգեցներ ունեցվածքի անհավասարության և աղքատության։ Քաղաքի բնակչության 10-15%-ը դեռևս աղքատության մեջ է, սակայն մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը բավականին բարձր է։ Եվ կանխատեսում կա, որ էկոկայունությունը կնպաստի բնակիչների նյութական վիճակի է՛լ ավելի բարելավվմանը։
Բայց ուրիշ ինչի՞ն են պետք մեր քաղաքներում այգիները և կանաչ տարածքները: Ճապոնացիներն ունեն Շինրին-յոկու գաղափար` անտառում հանգստանալով քայլել կամ անտառային լող։ Մարդիկ օրվա ընթացքում ժամանակ են հատկացնում կանաչ միջավայրում մտածելու և քայլելու համար: Նրանց երկար տարիների փորձը ցույց է տվել, որ անտառային միջավայրը նպաստում է կորտիզոլի (ստրեսի հորմոն) ցածր կոնցենտրացիաներին, զարկերակային արագության, արյան ճնշման նվազմանը, պարասիմպաթիկ նյարդերի ավելի մեծ ակտիվությանը և սիմպաթիկ նյարդերի ցածր ակտիվությանը, քան քաղաքային միջավայրի դեպքում է:
1890-ականների սկզբին լանդշաֆտային ճարտարապետ Ֆրեդերիկ Լո Օլմսթեդը, ով նախագծել էր Նյու Յորքի Կենտրոնական այգին, եկավ Կենտակի՝ նախագծելու իր գլուխգործոցներից մեկը՝ Լուիսվիլյան զբոսայգիների համակարգը։ Օլմսթեդը ստեղծեց զբոսայգիների պուրակ, որոնք շարունակում են մնալ քաղաքի գանձերից մեկը: Այդ ժամանակ այգիները կառուցվել էին քաղաքապետարանի սահմաններից այն կողմ, բայց երբ քաղաքը մեծացավ, դրանց շուրջ Օլմսթեդի՝ «բնությունը թաղամասեր բերելու» երազանքը իրականացավ։
Այսօր այս զբոսայգիների համակարգը հայտնի է The Parklands of Floyds Fork անունով, ունի 4 զբոսայգի, որոնցից յուրաքանչյուրում բնակիչները կարող են զբաղվել տարբեր հոբբիներով։
Լուիսվիլում կարող ես շաբաթ օրը որոշել ընկերներով գնալ ձուկ որսալու, ապա թիավարելու, որից հետո հեծանիվներ վարելով կարող եք գնալ պիկնիկի, և այս ամենը՝ քաղաքի ներսում։ Կամ պատկերացրու, որ Climate Uturn-ը կարող է վարձել այգու տարածքներից մեկը մի քանի օրով՝ ձեզ համար բացօթյա ֆիլմդիտում կազմակերպելու համար։
Լուիսվիլյան զբոսայգիները տարեկան 3.5 միլիոն այցելություններ ունեն։ Այգիները դարձել են բնակիչների համար հանգստի, առողջ ապրելակերպի, և կրթական միջավայրեր, որտեղ մարդիկ կարող են լիցքաթափվել քաղաքայի աղմուկից, ծանոթանալ նոր մարդկանց հետ, և միանալ նախընտրելի համայնքների։
1
2
Կայքում կարող ես ընտրել՝ ինչ ես ուզում անել, որտեղ, ինչքան ժամանակով, և այլ տվյալներ՝
The Parklands of Floyds Fork
Իսկ ինչպե՞ս կարելի է քաղաքը ավելի կանաչ դարձնել, եթե քաղաքում չկա տարածք հսկա զբասայգի կառուցելու համար։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
2022 թվականին Ֆրանսիայում նոր օրենք է ընդունվել՝ բոլոր նոր առևտրային շենքերի տանիքները պետք է լինեն կանաչ (նկարներ 1)։ Բայց նույնիսկ մինչ այդ, Փարիզը ուներ աշխարհում ամենամեծ տանիքային այգին (նկարներ 2): Այս նախագիծը իրականացվել է Agrotonomy Corp.-ի կողմից, որը տալիս է ուղղահայաց գյուղատնտեսական լուծումներ առևտրային և բնակելի համալիրների համար: Ընկերությունը ուղղահայաց աերոպոնիկ (առանց հողի) աճեցման համակարգի հավաստագրված վերավաճառող է։ Այն կառուցում է աշտարակ-ֆերմաներ (Tower Farms), որոնցով էլ շենքերի տանքիներում կառուցում է փոքր մասշտաբի աշտարակ-այգիներ: Agrotonomy-ն նման նախագծեր է իրականացնում բոլոր երկրամասերում բացի Հարավային Ամերիկան և Անտարկտիկան։
1
2022-ին Agrotonomy-ի անդամները այցելել են Փարիզում մի քանի Tower Farm-եր և նշել, որ վերջին հինգ տարիների ընթացքում աշխատում են նման նախագծի վրա: Նրանց առաջատար նախագիծը աշտարակ-ֆերման է, որը ներառում է 350 փոքր աշտարակ-այգի՝ Փարիզի կենտրոնում մի տանիքի վրա: Սա աշխարհում տանիքում աճեցված ամենամեծ այգեգործության օրինակն է: Սակայն նախագիծը մասնավոր է և բաց չէ հանրության համար: Տանիք մուտք չունեցողները կարող են աշտարակ-այգի օգտագործել տանը: Միրգ և բանջարեղենները աճեցվում են շենքում աշխատող հազարավոր գրասենյակային աշխատակիցների համար: Փարիզի եղանակի պատճառով այս նախագիծը սեզոնային է՝ մարտից հոկտեմբեր: Ըստ թիմի՝ շենքի գագաթին ջերմոց կառուցելը քաղաքային տարածքի օպտիմալացման լավ ռազմավարություն կլինի:
2
Կանաչ տարածքների մեկ այլ գործառույթ ֆոտոսինթեզն է, և երբ քաղաքները լի են մեքենաներով ու զուրկ ծառերից, մարդկանց առողջությունը ռիսկի տակ է։ Բելգրադի համալսարանի Բազմամասնագիտական (multidisciplinary) հետազոտությունների ինստիտուտի գիտնականները համագործակցել են ՄԱԿ-ի հետ և գտել լուծում այն տարածքների համար, որտեղ կանչապատումը դժվար է, իսկ օդի աղտոտվածությունը շատ: Ինչպես ճարտարապետության մեջ կարելի է նմանակել բնությանը, այս դեպքում էլ էկոկայուն լուծումը հնարավոր է դարձել սովորական ծառի մոդելը նմանակելով:
LIQUID3-ը կենսառեակտոր է՝ սարք, որը որոշ նյութերից ստեղծում է այլ նյութեր: Այս դեպքում՝ այն ջրի, միկրոջրիմուռի և արևային պանելից եկած էներգիայի օգնությամբ ֆոտոսինթեզ է իրականացնում: Օդից վերցնում է անպետք նյութերը՝ ներառյալ CO2-ը, և O2 ու կենսազանգված է արտադրում: Ըստ նախագծի համահեղինակ Իվան Սպասոևիչի՝ LIQUID3-ի ազդեցությունը հավասար է 2 հատ 10 տարեկան ծառի կամ 200 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բացատի ազդեցությանը: Իսկ Սերբիան աղտոտվածության առումով Եվրոպայի 50 երկրներից 5-րդն է, և կարծես այս լուծումը նրանց անհրաժեշտ է:


1
2
LIQUID3
Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ է մեղուների պահպանությունը կարևոր։ Ի՞նչ կապ ունի դա քաղաքների հետ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Փոշոտումը մոլորակի համար կենսական նշանակություն ունեցող գործընթաց է։ Եթե մեղուները չլինեին, և մենք ստիպված լինեինք դրանց ստեղծել, այն կարժենար տարեկան 200 միլիարդ դոլար։ Աշխարհի մշակաբույսերի 3⁄4-ը, որը մարդկանց ապահովում է մրգերով և սերմերով, մասամբ կախված է փոշոտողներից։

Մեղուների մահվան գլխավոր պատճառը նեոնիկոտինոիդներ պարունակող պեստիցիդներն են, որոնք ֆերմերներն օգտագործում են դաշտերը վնասատուներից պաշտպանելու համար: Սակայն քաղաքների՝ ուրբանիզացիայի աճը նույնպես պատասխանատվություն է կրում միջատների շատ վայրի տեսակների, այդ թվում՝ մեղուների բնակավայրերի կրճատման համար:
Իսկ Փարիզում Mandarin Oriental Paris հյուրանոցի ղեկավարությունը սկսել է համագործակցել տեղական բնապահպանական կազմակերպությունների, քաղաքային կենսաբազմազանության կենտրոնների և փոշոտողների պահպանման փորձագետների հետ, որի արդյունքում նրանք տանիքում հիմնել են մեղուների հյուրանոցներ։ Դրանք կառույցներ են, որոնք նախատեսված են միայնակ մեղուների և այլ օգտակար միջատների համար՝ բույն և ապաստարան գտնելու:

Սա շատ լավ օրինակ է բիզնեսի, որը ներդրում է անում կայունության և բնապահպանական մեջ՝ մտածելով իր քաղաքի մասին:
1
2
Հոլանդական Ուտրեխտ քաղաքում ժամանակին մեղուները շատ էին։ Սակայն նրանք սկսեցին նվազել, և քաղաքպետարանը վարձեց մասնագետների հասկանալու համար՝ ինչ կարող են անել մեղուների համար իրենց քաղաքում։ Այսպես առաջին անգամ հայտնվեցին մեղուների համար ավտոբուսի կանգառները։ Այսօր Մեծ Բրիտանիան ծրագրում է ավելի քան 1000 նման կանգառ տեղադրել, իսկ ողջ Եվրոպայում, Կանադայում և Ավստրալիայում աճում է հետաքրքրությունը այս գաղափարի նկատմամաբ: Այս կանգառները շատ ներդրում չէին պահանջում․ կանգառը նույնն է, տանիքը՝ վերափոխված։ Կանգառների տանիքները վերածվում են գունավոր անտառի՝ բազմաթիվ միկրո-այգիներով, որոնք լի են փոշոտողներին հարմարվող ֆլորայով, ինչպիսիք են վայրի ելակը, կակաչը և պանսիոնը:
Փեթակները Mandarin Oriental Paris հյուրանոցի տանիքին
Արի տեղափոխվենք արևմուտք՝ Նյու Յորք, որտեղ New York Restoration Project-ը (NYRP) օգնում է համայնքային այգիներին զարգանալ։ Հիմնադիրը՝ Բեթ Միդլերը, երիտասարդ տարիքից սկսել է տարբեր ձևերով հոգ տանել իր քաղաքի մասին՝ թափոններ հավաքելով, մարդկանց օգնելով, և կանաչ տարածքներ ավելացնելով։ 1995 թվականից Բեթը այս ամենը միավորեց մեկ կազմակերպության մեջ, որը այսօր կառավարում է 52 այգի Նյու Յորքի 5 թաղամասերում։ Այդ թաղամասերից մեկը Բրուքլինի Գովանուս թաղամասն է, որտեղ 2021-ի դրությամբ բացակայում էին կանաչ տարածքները։ Ընդ որում` տարածքի միայն 6%-ն է նախատեսված այգի լինելու համար: Gil Hodges համայնքային այգին, որը կառուցվել է NYRP-ի ջանքերով, կարծես օազիս լինի արդյունաբերական լանդշաֆտի մեջ՝ առաջարկելով մոտ 280 քառակուսի մետր կանաչապատում, անուշաբույր բույսեր, բանջարեղենի աճեցում, ընթերցանության պուրակներ և բաց դասասենյակային տարածքներ: Այստեղ համայնքը հավաքվում է և զբաղվում բազմապիսի գործունեությամբ՝ կազմակերպում միջոցառումներ, անում դասեր բացօդյա մրջավայրում, վայելում պասիվ հնագիստ։
Gil Hodges-ը NYRP-ի համայնքային այգիներից առաջինն է, որտեղ ներդրվել է անձրևաջրերի կառավարման համակարգ, որը ներառում է խորշեր (swales), անձրևային այգիներ (rain gardens) և թափանցելի սալահատակներ: Այսպիսի կոնտրենացված համակարգով՝ համայնքը կարողանում է տնկել և արտդարել իր ուտելիքը։ Համայնքի անդամները նույնիսկ կարող այստեղ կոմպոստեցնել իրենց ուտելիքի մնացորդները։

Այժմ ֆերմեր, իսկ նախկինում՝ Gil Hodges համայնքային այգու այգեպան Ջեյն Հեյս-Հոջը հիշում է այգու դերը իր կյանքում իրեն համախոհ անհատների հետ կապելու և գյուղատնտեսական հմտությունները կատարելագործելու, հատկապես՝ կոմպոստ պատրաստելու գործում: Ջեյնի ճանապարհորդությունը հանգեցրեց նրան Rise & Root Farm-ի համասեփականատերը դառնալուն՝ ընդգծելով կայունությունը, բազմազանությունը և համայնքի կառուցումը: Այժմ նա ուրախություն է գտնում սածիլներ մատակարարել Նյու Յորքի համայնքային այգիներին՝ NYRP-ի միջոցով:

1
2
Gil Hodges համայնքային այգին
Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ է կարևոր մեկ տարածքում մեկ բուսատեսակի փոխարեն տնկել բազմազան տեսակներ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։

Պատկերացրու, որ այն այգիները որոնց մինչ այս ծանոթացար կարող էին վերանալ 30-40 տարուց միայն մեկ պարզ պայմանի առկայունթյամբ՝ եթե նրանք ունենային միայն մեկ կամ սահմանափակ բուսատեսակներ։ Ավստալացի կենսաբան Բիլ Մոլիսոնը ուսումնասիրել է այս ֆենոմենը և տեսել, որ բնության մեջ էկոհամակարգերը ինքնակայուն և ճկուն են, բույսերն ու կենդանիները միասին աշխատում են՝ ստեղծելով հավասարակշռված և արդյունավետ միջավայր: Նա իր կյանքը նվիրել է այս ինտեգրված համակարգի՝ պերմակուլտուրայի, ձևավորմանը։
Երբ մոնոկուլտուրայի (մեկ բուսատեսակի տնկում) դեպքում, հողը կորցնում է իր որակը տարիների հետ և անհնար է դառնում նրա վրա հետագա տնկումը, պերմակուլտուրայում միասին տնկվում են բազում բույսեր, որոնք օգնում են միմյանց աճել և ապահովում են կենսաբազմազանություն հողային համակարգի պարարտեցման համար։ Մոլիսոնը, որպես պերմակուլտուրայի «հայր», պնդում է որ տարբեր մշակաբույսերի ինտեգրման, կոմպոստացման և անձրևաջրերի հավաքման միջոցով պերմակուլտուրան քաղաքային ֆերմերներին հնարավորություն է տալիս ավելի շատ սնունդ արտադրել ավելի քիչ տարածության մեջ՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով թափոնները և արտաքին ռեսուրսների օգտագործումը՝ դարձնելով այն իդեալական մոտեցում կայուն սննդի արտադրության համար խիտ բնակեցված քաղաքային միջավայրերում:
1
2
Պերմակուլտուրան քաղաքային այգեգործության մեջ
Յութուբյան Shalaco ալիքը վարում են ամուսիններ Շալակոն և Ֆինիքսը Սան Ֆրանցիսկոյից: Իրենց առաջին ժամադրության ժամանակ նրանք ալոե վերայի սերմ են ցանել փողոցում, որն աճել է և մոտիվացրել նրանց զբաղվել gorilla gardening-ով` պարտիզանական այգեգործությամբ: Նրանց դուր է գալիս փողոցի աննկատ, բայց պոտենցիալիով լի հատվածները վերածել գունագեղ ծաղիկներով և բույսերով հարուստ տարածքի: Կլինի մայթում առկա քառակուսի հողակտորը, թե ոստիկանության շենքի շրջակայքը, որտեղ սերմեր կարող են ցանել մի փոքր հեռավորությունից, նրանք չեն վարանում դա անել: Որոշ guerilla gardener-ներ սերմերը փաթեթավորում են պարարտ հողի կամ կավի մեջ և հետո նոր նետում դրսում: Սա կոչվում է սերմերի ռմբակոծում (seed bombing): Զույգը աշխատանքի ծավալը մեծացնելու համար գտել է մեթոդ՝ սերմերը ուղղակի աղամանի մեջ լցնելու, տարբեր վայրերում ցանելու և արդյունք ստանալու: Նրանք նաև դպրոցականների հետ են հանդիպում, միասին հագնում մեղվի շորեր և սովորում՝ ինչպես աճեցնել վայրի ծաղիկներ: Վայրի ծաղիկների շատացումը նույնպես քաղաքներում մեղուների պահպանման կարևոր ստրատեգիաներից է։
Որոշ վայրերում guerilla gardening-ը ենթամշակույթ է դարձել անգամ 10 տարի առաջ: Եթե ցանկանում ես, ավելին կարող ես իմանալ՝ դիտելով այս տեսահոլովակը:
Իրականում դու նույնպես կարող ես քո համայնքը ավելի կանաչ դարձնել՝ կիրառելով սերմերի ռմբակոծում։ Այն շատ հեշտ ու հավես պրոցես է։
Քեզ միայն անհրաժեշտ է՝
- Կավ
- Կոմպոստ/ պարարտ հող
- Սերմեր
- Ջուր
- Եվ ձեռքեր, որպեսզի խառնես այդ ամենը
Ի՞նչ ես կարծում՝ իսկ ի՞նչ դրական ազդեցություն ունեն բույսերը, որոնք պահում ես տանը։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Պարզվում է, որ տան բույսերը ունեն բազո՜ւմ առավելություններ։ Հիշու՞մ ես, երբ քննարկում էինք տան օդորակումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բույսերը կարող են դառնալ ամենալավ ու արդյունավետ օդափոխիչները։ Խոնավեցնելով օդը՝ նրանք կարող են կարգավորել տան ջերմաստիճանը։
Ինչպես նաև, ՆԱՍԱ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ բացի ածխածնի երկօքսիդի կլանումից և ֆոտոսինթեզի միջոցով թթվածնի ստեղծումից, որոշ տարածված բույսեր կարող են նաև հանդիսանալ ցնդող օրգանական աղտոտիչները հեռացնելու բնական միջոց։
Եկե՛ք ծանոթանանք մի քանի բույսերի, որոնք կարող եք աճեցնել ձեր տանը։
  • Ֆիկուս (Rubber Fig)
    Անկախ իրենց տեսակից՝ ֆիկուսները շատ թթվածին են արտադրում․ իրականում ավելի շատ, քան ցանկացած այլ բույս: Բացի թթվածին արտադրելուց և օդային տոքսինները վերացնելուց, ֆիկուսը օդիցարդյունավետորեն հեռացնում է բորբոս սպորներն ու բակտերիաները (մինչև 60%)։
  • Ձարխոտեր (Ferns)
    Այս բույսի Բոստոնյան տեսակը օդը մաքրող բույսերից ամենալավն է։ Սրանք գործում են որպես խոնավեցուցիչներ և կարող են օգնել վերականգնել օդի խոնավությունը, այնպես որ՝ կատարյալ են նրանց համար, ովքեր տառապում են չոր մաշկից և ցուրտ եղանակի այլ խնդիրներից:
  • Ալոե Վերա (Aloe Vera)
    Ալոե վերան օդը մաքրող լավագույն բույսերից մեկն է, որը կարող եք գնել, քանի որ այն անընդհատ թթվածին է արտադրում ամբողջ գիշեր՝ միաժամանակ ածխածնի երկօքսիդ ներքաշելով:
  • Չինական Մշտադալար (Chinese Evergreen)
    Չինական մշտադալարը (ագլաոնեմա) ևս մեկ բույս է, որը հայտնի է օդում տոքսինները մաքրելու իր ունակությամբ, և որպես այդպիսին, նաև ունի բարձր ներքաշման արագություն, Սա օգնում է խոնավացնել շրջակայքում գտնվող օդը:
Քննարկմանը միացեք ունենալով թուղթ և գրիչ (մատիտ կամ մատիտներ, եթե առկա են), քանի որ ստեղծագործելու ենք։
Քննարկում 3-ի ժամանակ՝
  • Շարունակելու ենք ուսումնասիրել կանաչ վայրերի դերը ապագայի քաղաքներում
  • Փորձելու ենք առավել խորությամբ հասկանալ մեղուների հյուրանոցների դերն ու դրանց բարելավման եղանակները

Նախագծային կառավարման հմտություններ, որոնք զարգացնելու ենք՝


գաղափարների սինթեզում և ներկայացում, խնդրի ուսումնասիրություն և ձևակերպում, լուծման ձևավորում, բանավեճ, ազդեցիկ և կառուցվածքային բանավոր խոսք, թիրախային խմբերի ձևավորում, ազդեցիկ գրավոր խոսքի կառուցվածք, ֆոնդհայթհայթում

Փափուկ հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

ստեղծարարական մտածողություն