Տրանսպորտ
Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞վ են տարբերվում էկոլոգիապես կայուն քաղաքները մնացած քաղաքներից:
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Տեղափոխվենք Կոպենհագեն՝ Դանիայի մայրաքաղաք։ Պատկերացնո՞ւմ ես, որ քաղաքապետարանը արդեն մինչև 2070 թվականը իրականացվող ծրագիր ունի: Այսինքն, նրանք ամեն ինչ պլանավորել են 50 տարի շուտ։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև քաղաքապետարանը հասկանում է, որ կլիման փոխվում է և ցանկանում է փոխել նաև քաղաքը՝ այն իսկապես էկո-կայուն դարձնելով: Քաղաքի կառավարությունը Կոպենհագենի գլխավոր ճարտարապետ Թինա Սաաբի հետ միասին մտածում էր իդեալական թաղամասի մասին։ Թինան, որ երկար տարիների ճարտարապետական և քաղաքների պլանավորման փորձ ուներ, ցանկանում էր ստեղծել կատարյալ քաղաքային կյանքի համար նախատեսված ապագայի քաղաք, քանի որ ինչպես ինքն է նշել՝ կատարյալ քաղաքներում ձևավորվում են կատարյալ հասարակություններ։

Հիմա եկեք դիտարկենք նախագծվող թաղամասերից մեկը՝ Nordhavn-ը։
Նախկինում Nordhavn-ը սովորական նավահանգիստ էր, որը հիմա վերածվել է բնակելի թաղամասի, որտեղ՝
  • Կա ամեն ինչ՝ աշխատանքային գրասենյակներ, կացարաններ, ռեստորաններ, այգիներ ու խաղահրապարակներ,
  • Նվազեցվել են CO2 արտանետումները,
  • Առաջնահերթությունը տրվում է հետիոտներին և հեծանվորդներին,
  • Օգտագործվում է վերականգնվող էներգիա,
  • Տարածքը օգտագործվում է օպտիմալ

Տարածքի նման օգտործման օրինակ են մեքենաների բարձրահարկ կայանատեղիները։ Պատկերացնո՞ւմ եք, որ դրանց տանիքներին երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել։ Այստեղ նրանք օգտագործել են արդեն իսկ գոյություն ունեցող տարածքը, որը շատ կայուն լուծում է։

1
2
Nordhavn-ը առաջ և հիմա
Մեքենաների կայանատեղին և խաղահրապարակը
Այստեղ է գտնվում նաև ՄԱԿ-ի էկոլոգիական գրասենյակը - UN City-ն։ Այս շենքը կայունության խորհրդանիշ է, քանի որ՝

  • Ամբողջ տանիքը պատված է արևային պանելներով և սպիտակ վերամշակելի թաղանթով, որը օգնում է պահպանել շենքի ջերմաստիճանը,
  • Խնայվում է էներգիայի 30%-ը ճարտարապետության միջոցով ցերեկայի լույսի ակտիվ կիրառման շնորհիվ
  • Շենքը 2%-ով ծածկված է բույսերով, որը օգնում է ջուրը բնական ճանապարհով հասցնել հողին
  • Աշխատողներին տրամադրվում է 680 հեծանիվների կայանատեղի

Մոտակայքում կարելի է նաև տեսնել լուսավոր ալյումինե 17 հարկանի բնակելի շենք, որի տանիքում Silo ռեստորանն է։ Այս շենքը նախկին աշտարակ է, որտեղ հացահատիկներ են պահել, որը քանդելու փոխարեն վերածել են գեղեցիկ արվեստի գործի։
3
Silo ռեստորան
UN City
Կոպենհագենում սա միակ էկոլոգիապես կայուն շրջանը չէ: Քաղաքապետարանը գիտացկցում է, որ կլիմայի փոփոխության հետ վտանգ կա, որ ծովի մակարդակը կբարձրանա ու կողողի քաղաքի ափամերձ գիծը: Այդ պատճառով նրանք կառուցում են՝ Refshaleøen (Reifsheilullen) ու Lynetteholm (Luniteholm) թաղամաս-բուֆերային գոտիները:

Այս բուֆերային գոտիների մասին ավելի շատ իմանալու համար կարող ես նայել կցված հոլովակը։ Այն ունի նաև ենթագրեր, որոնք կարող ես թարգմանել հայերեն կամ այլ լեզու։
Refshaleøen և Lynetteholm
Դանիական Dissing+Weitling ճարտարապետական կազմակերպություն կանգնած է աշխարհի տարբեր քաղաքներում կայուն ճարտարապետության բազում օրինակների հետևում։ Ինչպես ասում են կազմակերպության հիմնադիրները՝ քաղաքում հեծանիվ վարելը պետք է զվարճալի լինի, իսկ գնացքին սպասելը չպետք է շատ ձանձրալի թվա: Այդ իսկ պատճառով, երբ նրանց առաջարկեցին Կոպենհագենում կառուցել միայն հեծանիվների կամուրջ, Dissing+Weitling-ի թիմը միայն ուրախ էր իրենց հարազատ քաղաքը էլ ավելի հարմար և գեղեցիկ դարձնել։ Նրանք կառուցեցին Bicycle Snake-ը, որի միջոցով դու կարող ես Vesterbro թաղամասից Islands Brygge հասնել:
Նմանատիպ կամուրջները և լավ հեծանիվների գծերը հարմարավետ են դարձնում Կոպենհագենում հեծանիվ քշելը։

Այսօր Կոպենհագենի բնակիչների 40%-ը հեծանիվ է վարում, քանի որ դա ավելի հարմար է, ավելի էժան, քան մեքենան․ այն անվտանգ ու արագ է ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև մեծ մայրուղիներում: Քաղաքը համառորեն ու հետևողականորեն նպաստում է մեքենաներից հրաժարվելու գաղափարին: Նույնիսկ ձյուն գալուց հետո, այն նախ մաքրում են հեծանվային ուղիներից: Մեծ մայրուղիների երկայնքով նույնիսկ անվադողեր փոխելու տեղեր կան:
Բացի հեծանիվների համար լինելուց, շատ կամուրջներ նաև միայն անցորդների համար են։ Այդպիսի կամուրջ է Circle Bridge-ը (1-ին և 2-րդ նկարում), որը նախագծվել է դանիական դիզայնի լեգենդ Օլաֆուր Էլիասոնի կողմից։ Իսկ Inner Harbour Bridge-ը (3-րդ և 4րդ նկարում) կառուցվել է այցելուների հոսքը քաղաքի կենտրոնից դեպի Օպերա ավելացնելու համար:

1
2
Այսպիսով՝ քաղաքը հեծանիվի ընտրությունը բնական է դարձնում. նախ ստեղծում է հարմարավետ էկոհամակարգ, այնուհետև բնակիչներին հրավիրում է որոշելու, թե որն է ավելի հարմար: Հեծանվային այս հաջողությունը օգտագործվում է Copenhagenize կազմակերպության կողմից, ինչը բառացիորեն թարգմանվում է «կոպենհագենացում»: Նրանք զբաղվում են ուրբանիստական՝ այսինքն քաղաքային դիզայնով: Նրանք հեծանվային համակարգեր են մշակում Փարիզի, Լիսաբոնի, Մոնրեալի և շատ այլ քաղաքների համար:
Չհեռանալով Եվրոպայից՝ շարունակենք շրջել մեկ այլ կայուն քաղաքում՝ Նիդերլանդերի մայրաքաղաք Ամստերդամում։ Քաղաքապետարանը մշտապես փորձում է քաղաքացիների համար հեծանիվների օգտագործումը հնարավորինս հարմար դարձնել։ Դրա համար նրանք՝
  • նոր հեծանվային ճանապարհներ են ստեղծվում
  • ամենազբաղված հեծանվային ուղիներին ավելի շատ տարածք են տրամադրում
  • ազատ հեծանվային կայանատեղիներ են ստեղծվում փողոցում
  • դնում են համապատասխան ճանապարհային նշաններ

Ամստերդամում հեծանիվների գծերը կոնաձև են։ Դա թույլ է տալիս, որ առավել արագ քշողները անցնեն առաջ և երբ արդեն անցել են ճանապարհը՝ կազմեն մեկ գիծ։ Սա թե՛ հեշտացնում է հեծանվորդների ընթացքը, թե՛ քչացնում է վթարների քանակը։
Քաղաքում նաև համատեղվում են հանրային տարածքներն ու կայանատեղիները՝ Bike & Walk. կայանիր հեծանիվդ, իսկ հետո գնա զբոսնելու։ Արդյունքում շատ հարմարավետ ցանց է ստացվում. դու հեծանիվդ վարում ես այգի, կանգնեցնում այն ու գնում զբաղվելու քո գործերով։
Ինչպես հասկացար, քաղաքապետարանը ակտիվ խրախուսում է հեծանիվ վարելը։ Սահմանել է վարելու կանոններ, էթիկա, ու ֆինանսավորում է քաղաքացիների նախաձեռնությունները։ Օրինակ՝ բոլոր հոլանդացիներն արդեն գիտեն, որ եթե նրանք բավականաչափ ուժ ունեն ու կարող են հեծանիվը բարձրացնել կայանավայրի երկրորդ հարկ, ապա ավելի լավ է դա անել և առաջին հարկը թողնել ավելի քիչ ֆիզիկական ուժ ունեցողների համար:
Քաղաքը շարունակում է կայանատեղիներ տեղադրել կայարաններում ու կանգառներում ու կառուցել հեծանվային կամուրջներ ու լաստանավային անցումներ Էյ գետի վրայով:
1
2
Երկհարկանի կայանատեղի
Կոնաձև գծեր
Բիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քոդենը իր երեկոյան հաղորդման սեգմենտներից մեկի՝ Carpool Karaoke-ի, ընթացքում իր մեքենայով վերցնում է տարբեր հայտնի երգիչների, որոնց հետ երգում է կարաոկե մի վայրից մյուսը գնալու ընթացքում։ Եթե այս գործընթացից հանենք երգելը, կստանանք ԱՄՆ-ում և Եվրոպայում շատ տարածված փոխադրման տեխնիկա՝ carpooling-ը, որը մեքենան կիսելու գաղափարն է՝ միաժամանակ մեկից ավելի մարդկանց տեղավորելու համար։ Ինչպես carsharing-ը, որը առանց մեքենայի սեփականտեր լինելու այն վարձակալելու գործընթացն է, carpooling-ը նույնպես տալիս է մի շարք առավելություններ։

Նախ, այսպես նվազեցնում ենք յուրաքանչյուր մարդու ճանապարհածախսը, վառելիքի ծախսերը, մեքենա վարելու սթրեսը, վերացնելում այլ ուղևորների առանձին մեքենաներով վարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նվազեցնում ենք օդի աղտոտվածությունը, ածխածնի արտանետումները, ճանապարհների երթևեկության խցանումները և կայանատեղիների անհրաժեշտությունը:
Հիանալի է, չէ՞, որ կարող ենք առանց մեքենա ունենալու վայելել այն ունենալու առավելությունները և միևնույն ժամանակ ավելի քիչ վնաս հասցնել միջավայրին։

Այսօր քաղաքները փորձում են ազատվել մեքենաներից, որոնք իրենց արտանետած ածխածնով, անվերջանալի խցանումներով և աղմուկով առավել դժվար են դարձնում բնակիչների կյանքը։ Բայց չենք կարող չէ՞ մարդկանց արգելել գնել մեքենաներ և օգտվել անձնական տրանսպորտի միջոցներից, եթե նրանք այդպես առավել արագ են հասնում համալսարան կամ տուն տանում գնումները։ Այդ իսկ պատճառով քաղաքները աշխատում են երկու ուղղությամբ, որպեսզի քչացնեն մեքենաների քանակը՝
- Առավել բարդ դարձնել մեքենաների «կյանքը» քաղաքներում
- Առավել հեշտ և հասանելի դարձնել հասարակական տրանսպորից օգտվելը

Եկե՛ք ծանոթանանք հատաքրքիր օրինակների։
1
2
Եկեք Եվրոպայից տեղափովենք մի քիչ արևելք՝ Մոսկվա, որտեղ 2023 թվականի հունիսից սկսած քաղաքը ունի նոր գետային էլեկտրատրական տրանսպորտային երթուղի։ 6․5 կմ երկարությամբ երթուղու վրա կան 8 էլեկտրական նավ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 50 ուղևոր։ Կան նույնիսկ տեղեր հատկացված հեծանիվների և սկուտերների համար, եթե որոշեք անցնել գետի մյուս կողմը՝ հեծանիվ քշելու։
Լավ կլիներ չէ՞, եթե առավոտյան հեծանիվով գնայիր դպրոց, այնուհետեւ carsharing-ով գնայիր խանութ՝ գնումների, իսկ երեկոյան սկուտերով գնայիր ընկերների հետ հանդիպման, և այս ամենը միայն մեկ հավելվածի և մեկ բաժանորդագրման միջոցով։ Սա հնարավոր է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Ինչպես Կոպենհագենը, Հելսինկիի քաղաքպետարանը նույնպես նպատակ ունի դառնալ էկո-կայուն և արդեն 2050 թվականին չարտանետել ոչ մի ջերմոցային գազեր։ Այս նպատակին հասնելու համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել MaaS Global-ի ստարտափի հետ և ստեղծել աշխարհում առաջին «Շարժողականությունը որպես ծառայություն» (անգլերեն՝ Mobility as a Service, MaaS) հավելվածը՝ Whim-ը։

Whim-ի օգնությամբ դու կարող ես գտնել մի տեղից մյուսը հասնելու ամենաարագ ու հարմար ճանապարհը։ Մեկ սովորական բաժանորդագրությամբ դու կարող ես անսահմանափակ օգտվել հեծանիվներից և հասարակական տրասնպորտից, ինչպես նաև մինչև €10 տաքսի պատվիրել։

Իսկ եթե փոխենք քաղաքի տրանսպորտի ամբողջ ենթակառուցվա՞ծքը։ Դրա համար եկեք մի քիչ էլ արևելք գնանք՝ դեպի Հոնկոնգ։
Հոնկոնգը աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից է։ Պատկերացրեք ի՜նչ տեղի կունենար, եթե բոլոր բնակիչները գնային աշխատանքի իրենց մեքենայով։ Սակայն Հոնկոնգը հայտնի է ո՛չ թե իր մեքենաներով, այլ կատարյալ հասարակական տրանսպորտի պլանավորմամբ։ Հոնկոնգի հասարակական տրանսպորտի ցանցը` զանգվածային տրանզիտային երկաթուղին (MTR), այնքան լավ է նախագծված, որ չնայած նրան, որ տոմսերը էժան են, այնումենայնիվ կարողանում է փակել իր բոլոր ծախսերը և նույնիսկ տնտեսական օգուտ է բերում քաղաքին։ Սա աշխարհում ամենաբարձր նմանատիպ ցուցանիշն է։

Բայց եթե տոմսերը էժան են, այդ դեպքում որտեղի՞ց է մեծ եկամուտը։
Մետրոյի կայարանները հատուկ տեղադրված են այն տարածքերում, որտեղ կան շատ խանութներ և մոլեր։ Մետրոն խոշոր եկամուտ է ստանում այդ խանութներից, քանի որ «հաճախորդներին բերում է դեպի առևտրի կետեր»։

Բացի այս հնարամիտ եկամտի տարբերակից, հավելվածի օգնությամբ, որտեղ գրանցված են բոլոր հասարակական տրանսպորտից օգտվողները, MTR-ը կարողանում է տեսնել թե օրվա որ ժամին որ ուղղություններն են ամենապահանջվածը և ավելի է ակտիվացնում այդ ուղղության տրասնպորտները։ Սրա օգնությամբ նա կրճատում է իր ծախսերը։

Այս կատարյալ համակարգում տրանսպորտից օգտվողների 99․9%-ը ժամանակին է հասնում տեղ, քանի որ տրանսպորտը համարյա երբեք չի ուշանում։ Նույնիսկ 8 րոպե ուշացման դեպքում, դա տեղեկացվում է կառավարությանը։
1
2
Նայի՛ր նկարին և մտածի՛ր «սուպերբլոկ» բառի մասին։
Ի՞նչ նկարագիր է գալիս մտքիդ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2014 թվականին Բարսելոնան շատ լուրջ օդի աղտոտվածության խնդրի առաջ էր կանգնած, որոնց հիմնական պատճառը մեքենաների մեծ քանակն էր։ Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ միայն օդի վատ որակի պատճառով տարեկան 3,500 վաղաժամ մահ էր գրանցվում։ Այդ ժամանակ Բարսելոյանի քաղաքապետ Ադա Կոլաուն հավաքեց մասնագետների թիմ և միասին որոշեցին կազմել պլան՝ պատկերը փոխելու համար։ Ադան ցանկանում էր ոչ միայն մաքրել օդը, այլ քաղաքը հետ վերադարձնել մարդկանց՝ մարդու տեղաշարժումների մոտ 82% դարձնելով ոտքով, հեծանիվով կամ հասարակական տրանսպորտով։ Այս պլանի կենտորնական և ամենահետաքրքիր մասը «սուպերբլոկերն» են։
Ի՞նչ են «սուպերբլոկերը»՝
  • 9 փոքր բլոկերի քառակուսաձև միավորում
  • Սուպերբլոկի ներսում չի թույլատրվում ոչ տեղացիների մեքենաների կամ հասարակական տրանսպորտի մուտքը
  • Կայանատեղիները գետնի տակ են և կարող են կիրառվել միայն բլոկի բնակիչների կողմից
  • Բլոկը ամբողջությամբ հետիոտների, հեծանվորդների և սքութերների համար է
1
2
Արդյունքում, Բարսելոնայում նաև շատացան կանաչ վայրերը, քչացավ աղմուկը, և մարդկանց տրամադրությունը «սուպերբլոկեր»-ում ավելի բարձր է, քան առաջ։

Այսօր քաղաքը դեռ շարունակում է «սուպերբլոկեր»-ի նախագիծը։ 2023 թվականին 4 նոր թաղամաս ներգրավվել են ծրագրում, և հնարավոր է շուտով Բարսելոնան ամբողջությամբ լինի մեկ մեծ «սուպերբլոկ»։

Ի՞նչ սովորեցիր՝ ինչպե՞ս կարելի է քաղաքները ավելի լավը դարձնել։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի ամփոփել մտքերը։
Քննարկում 1-ի ժամանակ՝
  • Շարունակելու ենք ուսունասիրել մարդկանց համար հարմարեցված քաղաքները
  • Փորձելու ենք խորությամբ հասկանալ հեծանիվներով և սկուտերներով տեղաշարժվելու պրոցեսը
  • Անդրադառնալու ենք էլեկտրական մեքենանաների առավելություններին ու թերացումներին


Նախագծային կառավարման հմտություններ, որոնք զարգացնելու ենք՝

պրոֆեսիոնալ հաղորդակցություն, փաստարկված խոսքի ձևավորում, շուկայի ուսումնասիրություն, խնդիրների և լուծումների դուրս բերում, հետազոտություն, տեսակետի ձևավորում

Փափուկ հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

քննադատական մտածողություն, ստեղծարար մտածողություն