Նախագծի կառավարում
Լուծման ձևավորում
Ջոան Միտչել
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դու արդեն ունեիր այն խնդիրը, որը կցանկանաս լուծել։ Այսօր վերջնականորեն ձևավորելու ենք քո լուծումը ։ Եվ որպեսզի այն լինի իրատեսական, կայուն և հետաքրքիր, պետք է նրա հետևում լինի խորը ուսումնասիրություն և պլանավորում։
Մինչ կարդալ սկսելը, վերցրո՛ւ քո աշխատանքային տետրը, որպեսզի անես նշումներ։
Մաս 1. Խնդրից լուծում անցում
Ինչպե՞ս կարող ես լուծել խնդիրը
Հիշո՞ւմ ես «ինչպե՞ս կարող ենք» (how might we) հարցը։ Այն ուներ այս կաղապարը՝
Ինչպե՞ս կարող ենք անել [գործողություն] [շահող կողմի] համար, որը ունի [կարիք]:

Այստեղ գործողությունը այն մեթոդն է, որով պլանավորում եք անդրադառնալ խնդրին, շահող կողմը նա է, ում համար լուծելու եք խնդիրը, իսկ կարիքը՝ շահող կողմի «ցավը», որին անդրադառնալու եք։

Քո լուծումը լինելու է այս հարցի հարյուրավոր պատասխաններից մեկը։
Արի՛ վերցնենք մեկ պարզ օրինակ։

Դու ցանկանում ես լուծել Երևանի փողոցներում առկա թափոնների/աղբի խնդիրը։
Այս և յուրաքանչյուր խնդրի համար, դու թիրախավորելու ես այն մարդկանց խումբը, որը, քո կարծիքով, կարող է լուծել խնդիրը: Դու կարող եք փորձել ներգրավել նրանց դրական հույզերի կամ բացասական հույզերի/վախի/զայրույթի միջոցով:
1) Եթե դու խոսում ես սովորական քաղաքացիների հետ, կարող ես օգտագործել և՛ դրական, և՛ բացասական էմոցիաներ.

  • դրական. ինչպե՞ս կարող ենք հեշտացնել երևանցու համար փողոցով քայլելիս աղբը աղբաման նետելը:
  • բացասական. ինչպե՞ս կարող ենք երևանցուն ստիպել ամաչել աղբը աղբաման չգցելու համար:
2) Եթե խոսում ես պետական պաշտոնյաների հետ, մտածիր, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ես նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը կամ միգուցե կաշխատի գումար։
Հիմա փորձիր ամբողջացնել այս հարցը քո խնդրի համար։ Այս հարցին պատասխանելով կգտնենք կատարյալ լուծումը։
Մաս 2. Լուծման ուսումնասիրություն
Նախնական հետազոտություն
Դու հավանաբար արդեն արել ես ուսումնասիրություն քո խնդիրը ավելի լավ հասկանալու համար։ Հիմա ժամանակն է նույնը անել լուծման համար։
  • Ինչպե՞ս են այս խնդիրը լուծում այսօր քո համայնքում/Հայաստանում։
  • Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվում այսօր այլ համայնքներում/երկրներում։
  • Ովքե՞ր են ձեր մրցակիցները։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն։

Վերջին հարցի պատասխանները դուրս գրելիս պետք է փորձել հասկանալ ձեր հիմնական տարբերությունները ձեր մրցակիցներից։ Ինչո՞վ եք ավելի լավը։ Ինչո՞ւ պետք է այս խնդրի լուծումը վստահել ձեզ, այլ ոչ թե նրանց։
Շա՜տ լավ կլինի, եթե 6-րդ հանդիպմանը միանաս արդեն ունենալով այս հետազոտության արդյունքները։ Այն քեզ կօգնի ավելի լավ կողմնորոշվել։
Մաս 3. Լավագույն Լուծումը
Լուծման ընտրություն
Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց առաջին գաղափարները հազվադեպ են ամենաստեղծագործականները: Ընդամենը մեկ բեկումնային գաղափար ստեղծելու համար սովորաբար պահանջվում է մտագրոհի (brainstorming) երկարատև գործընթաց, որի ժամանակ դու ստեղծում ես պոտենցիալ լուծումների մեծ քանակություն, մինչև վերջապես հասնես քո ամենաստեղծագործ գաղափարին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավ լուծումներ մտածելու համար դու պետք է՝
1) Ինքդ գնաս, տեսնես խնդիրը և լինես քո շահառուի կարգավիճակում,
2) Ուսումնասիրես խնդիրը և աշխարհում առկա պոտենցիալ լուծումները։
Հիշի՛ր և նկատի՛ր կոգնիտիվ աղավաղումը։

Երբ դու ցանկանում ես, որ ինչ-որ բան ճիշտ լինի, ուշադրություն ես դարձնում միայն այն բաներին, որոնք համապատասխանում են քո ցանկությանը։ Նկատի՛ր քո գաղափարի թույլ և ուժեղ կողմերը։
Ուսումնասիրության արդյունքում դուրս բերած գաղափարները դասավորելու և ամենաիրական և մեծ ազդեցությունն ունեցողն ընտրելու համար մի լավ մեթոդ կա։
Այն նաև օգտագործում են Նիդեռլանդների THINK դպրոցում ։

1) Գծում ենք կոորդինատային 2 առանցք

2) Մեկը՝ հաջողության հասնելու հավանականություն։ Այսինքն որքան աջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես այն անել , և նախագիծը կկայանա և կլինի հաջողված:
Մյուսը՝ դրական ազդեցության մեծությունը։
Այսինքն որքան վերև, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի վրա։

3) Գծելուց հետո սկսում ենք շարել այս կոորդինատային առանցքի վրա մեր բոլոր գաղափաները ըստ իրականանալիության և ազդեցության չափսի։

Նախ հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ եմ ես դա անել։
Իսկ հետո՝ ինչքա՞ն մեծ կլինի դրա ազդեցությունը/հաջողությունը։

Ու կտեսնենք որ դրանք դասավորվում են տարբեր քառորդներում։

Մեզ հարկավոր է աջ վերևինը՝ ամենամեծ ազդեցություն ունեցողն ու ամենաիրատեսականը



Ինչ լավ կլինի, եթե ստացվի (ազդեցություն)
Ես դա կարո՞ղ եմ անել (իրատեսական)
Մաս 4. Ֆինանսավորում
Գումարի աղբյուրը
Նախագիծ անելու շրջանակներում դու պատասխանելու ես երեք հիմնական հարցի
  • գումար կվաստակե՞մ այս ծրագրի շրջանակում, թե՞ այն բարեգործություն/կամավորություն է կամ ունի այլ նպատակներ,
  • կունենա՞մ նախնական ծախսեր,
  • որտեղի՞ց եմ գումար ստանալու նախնական ծախսերի համար:

Մենք այսօր կկենտրոնանանք երրորդի վրա։
Ստարտափներում ասում են, որ միշտ պետք է սկսեք FFF-ից՝ ընկերներ, ընտանիք, հիմարներ (Friends, Family, Fools):

Նայիր քո շուրջը, քո ամենամոտ մարդկանցից ով է հետաքրքրված այն խնդրով, որին լուծում ես առաջարկում կամ ով կարող է պարզապես անձամբ աջակցել քեզ։ Առաջինը օգնության համար դիմիր իրենց։
Նաև հիշիր, որ թույլ կապերը նրանք են, ովքեր իրականում օգնում են մեզ գտնել նոր հնարավորություններ՝ աշխատանք, ֆինանսավորում և այլն:

Թույլ կապերը այն մարդիկ են, որոնց ճանաչում և մեկ-մեկ հանդիպում ես (ոչ թե, օրինակ, ինչպես լավագույն ընկերներիդ)։ Ուստի նրանք տարբեր փորձ ունեն, տարբեր կապեր և կարող են կամուրջների պես աշխատել, երբ նոր հնարավորություններ ես փնտրում:

Դրանք այն մարդիկ են, որոնց հանդիպում ես դպրոցում; ընկերներ, որոնք քեզ հետ միասին պարապմունքի են գնում, բայց ում հետ շատ չես շփվում։ Ընկերների ընկերներ, որոնց հաճախ հանդիպում ես միմյանց ծննդյան օրերին։ Ընկերներ, որոնց հետ պարբերաբար զրուցում ես առցանց, բայց շատ չես շփվում դեմ առ դեմ։ Դու կարող ես դիմել նրանց բոլորին, պատմել քո գաղափարի մասին և խնդրել աջակցություն:
Հանդիպմանը պետք է միանալ ունենալով այս երկու հարցի պատասխանը՝
1. Ի՞նչ խնդիր եք լուծելու։
2. Ովքե՞ր (ի՞նչ մարդիկ, կազմակերպություններ, մարմիններ) են մտահոգված ձեր խնդրով։

Քննարկում 6-ի ժամանակ՝
կենտրոնանալու ենք նախագծային կառավարման երկրորդ փուլի՝ լուծման տարբերակների քննարկման և նրա վերջնականացման վրա։

Միացեք ձեր աշխատանքային տետրերով, որպեսզի գրառեք մեր քննարկման եզրահանգումները։