ԴԱՐԻԱ ԲԼԱԳՈՎԱ
ՀԵՂԻՆԱԿ
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Կլիման փոփոխվում է, և դա վատ է: Ինչո՞ւ

Երբ խոսում ենք կլիմայի փոփոխության մասին, նկատի ենք ունենում միջին ջերմաստիճանի բարձրացումը և տարբեր բնական աղետների առաջացումը, ինչպիսիք են փոթորիկները, երաշտները և ջրհեղեղները: Այս բոլոր գործընթացները երկարաժամկետ և կանխատեսելի են, այսինքն`կլիման հենց հիմա փոփոխության է ենթարկվում և հետևանքները արդեն զգալի են։ Բացի այդ՝ գիտնականներին հայտնի է, թե ինչ է տեղի ունենալու հետագայում (հուշում՝ ոչ մի լավ բան, եթե չլինի ոչ մի միջամտություն):
Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը մարդիկ և մարդկային գործողություններն են: Մասնավորապես, նավթի, ածուխի և գազի օգտագործումը, ինչպես նաև անտառահատումները հանգեցրել են նրան, որ ջերմոցային գազերի մակարդակը ( ներառյալ ածխածնի երկօքսիդը CO2) ծայրաստիճան բարձրացել է: Այդ գազերը պահում են ջերմությունը և թույլ չեն տալիս, որ այն մտնի մթնոլորտ:

Այս ամենի մեջ կարող ենք մեղադրել արդյունաբերությանը և կորպորացիաներին, բայց եկեք ազնիվ գտնվենք. կլիմայի փոփոխության մեղքի մի մասը մեզանից յուրաքանչյուրինն է։ Էներգիայի անվերահսկելի ու չգիտակցված սպառումը, իմպուլսիվ գնումները և անգամ մեկանգամյա փաթեթավորման օգտագործումը մեր բոլորի կենցաղի մի մասն է կազմում։

Որպես օրինակ վերցնենք պլաստիկ շիշը. Այն պատրաստվում է նավթից, այդ պատճառով մթնոլորտը աղտոտվում է արդեն արտադրության փուլում և այնուհետև, աղբավայրում հայտնվելով, այն շարունակում է արտանետել վնասակար ջերմոցային գազեր դեռ 500-700 տարի շարունակ: Ավելացրեք շշին թղթե պիտակ և անտառահատումը ևս կգումարվի վերջինիս արտադրության վնասակար հետևանքների շարքին։

Այժմ շատ զարգացած երկրներ մտահոգված են կլիմայական փոփոխությունների պատճառների կանխարգելման խնդրով: Այդ նապատակով ստեղծում են թափոնների տնօրինման միջոցներ, խթանում արտադրության շրջանում խնայողությունը, անցկացնում գովազդային արշավներ էկոլոգիայի թեմայով: Վերջիվերջո, ամեն ինչ կախված է մեզանից։ Չէ՞ որ հենց ինքներս ենք որոշում, թե ինչ ապրանքներ ենք օգտագործելու և ինչից կարող ենք հրաժարվել:
ԱՆհրաժեշտ է պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ, հակառակ դեպքում կունենանք հետևյալ հետևանքները.

- Ջերմաստիճանի բարձրացում։ Արդեն այս տարի Քուվեյթում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 53 աստիճան Ցելսիուսի: Այդ պատճառով հալվում էին ավտոմեքենաները և մահանում մարդիկ: Հետագայում ավելի վատ է լինելու:

- Ջրհեղեղներ: Մենք կարող ենք կորցնել Վենետիկը, Նյու Յորքը, Սանկտ Պետերբուրգը և բազմաթիվ այլ հիասքանչ քաղաքներ: Որոշ կղզիներ կարող են անհետանալ, իսկ միլիոնավոր մարդիկ զրկվել տներից:

- Հրդեհներ: Արդյունքում կկորցնենք անտառներ, կմահանան միլիոնավոր մարդիկ և կենդանիներ:

- Փոթորիկներ և առատ անձրևներ: Արդեն վաղուց գիտնականների կողմից ապացուցվել է ամբողջ մոլորակի վրա ցիկլոնների և ջերմաստիճանի բարձրացման միջև առկա կապը:

- Անապատների ծայրահեղ աճը
: Որոշ երկրներ մոտակա տասնամյակների ընթացքում կդառնան առհասարակ կյանքի համար անպիտան։ Պարսից ծոցում ջերմաստիճանը կբարձրանա 74-77 աստիճան Ցելսիուսի, որի պայմաններում ոչ ոք ողջ չի մնա:
- Բույսերի և կենդանիների ոչնչացումը: Մոտ ապագայում մենք կկորցնենք կենսաբազմազանության 30-40%-ը, կենդանի տեսակների միջավայրի կտրուկ փոփոխությունների և վերջիններիս՝ նոր պայմանններին հարմարվելու համար անհրաժեշտ ժամանակի բացակայության հետևանքով։

- Սով և ջրի անբավարարություն: Կլիմայական փոփոխությունները վատ կանրադառնան բերքատվության վրա, որի պատճարով սննդի անբավարարություն կառաջանա միլիոնավոր մարդկանց մոտ (գիտնականների կանխատեսումը ձգտում է միլիարդի): Չորացած տարածաշրջաններում, որոնց քանակը աճում է, աղետալի ջրային ռեսուրսների պակաս կստեղծվի։

- Համաճարակ: Սովը, ջրի սակավությունն ու միջատների միգրացիան հյուսիսային տարածաշրջաններում կհանգեցնեն այնպիսի տրոպիկական հիվանդությունների, ինչպիսին են մալարիան և տենդը: Ի դեպ, Հայաստանը առանց այն էլ ոչ ամենահյուսիսային տարածաշրջաններից է:

Հնարավոր է, հիմա մտածում եք նրա մասին, թե որտեղ կլինեք, երբ աշխարհում սկսեն տեղի ունենալ բոլոր վերոնշյալ սարսափազդու աղետները։ Սակայն դուք արդեն այստեղ եք, ինչպես և կլիմայի փոփոխությունները, որոնց հետևում է ողջ մոլորակը: