Ընթերցանյութ 1
Մաս 1։ Տեսական ծանոթացում․ Տրանսպորտ
Առաջնորդների առանջնահատկություն
Յուրաքանչյուր քաղաքում/համայնքում կան խնդիրներ, և բոլոր միջավայրներում առաջնորդները փորձում են անդրադառնալ այդ խնդիրներին՝ դրանցից ստեղծելով հնարավորություններ։ Այս ընթերցանյութը քեզ կծանոթացնի տարբեր քաղաքների և մարդկանց, որոնք ավելի լավն են դարձրել իրենց շրջակայքը։
Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞վ են տարբերվում էկոլոգիապես կայուն քաղաքները մնացած քաղաքներից:
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Տեղափոխվենք Կոպենհագեն՝ Դանիայի մայրաքաղաք։ Պատկերացնո՞ւմ ես, որ քաղաքապետարանը արդեն մինչև 2070 թվականը իրականացվող ծրագիր ունի: Այսինքն, նրանք ամեն ինչ պլանավորել են 50 տարի շուտ։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև քաղաքապետարանը հասկանում է, որ կլիման փոխվում է և ցանկանում է փոխել նաև քաղաքը՝ այն իսկապես էկո-կայուն դարձնելով: Քաղաքի կառավարությունը Կոպենհագենի գլխավոր ճարտարապետ Թինա Սաաբի հետ միասին մտածում էր իդեալական թաղամասի մասին։ Թինան, որ երկար տարիների ճարտարապետական և քաղաքների պլանավորման փորձ ուներ, ցանկանում էր ստեղծել կատարյալ քաղաքային կյանքի համար նախատեսված ապագայի քաղաք, քանի որ ինչպես ինքն է նշել՝ կատարյալ քաղաքներում ձևավորվում են կատարյալ հասարակություններ։

Հիմա եկեք դիտարկենք նախագծվող թաղամասերից մեկը՝ Nordhavn-ը։
Նախկինում Nordhavn-ը սովորական նավահանգիստ էր, որը հիմա վերածվել է բնակելի թաղամասի, որտեղ՝
  • Կա ամեն ինչ՝ աշխատանքային գրասենյակներ, կացարաններ, ռեստորաններ, այգիներ ու խաղահրապարակներ,
  • Նվազեցվել են CO2 արտանետումները,
  • Առաջնահերթությունը տրվում է հետիոտներին և հեծանվորդներին,
  • Օգտագործվում է վերականգնվող էներգիա,
  • Տարածքը օգտագործվում է օպտիմալ

Տարածքի նման օգտործման օրինակ են մեքենաների բարձրահարկ կայանատեղիները։ Պատկերացնո՞ւմ եք, որ դրանց տանիքներին երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել։ Այստեղ նրանք օգտագործել են արդեն իսկ գոյություն ունեցող տարածքը, որը շատ կայուն լուծում է։

1
2
Nordhavn-ը առաջ և հիմա
Մեքենաների կայանատեղին և խաղահրապարակը
Այստեղ է գտնվում նաև ՄԱԿ-ի էկոլոգիական գրասենյակը - UN City-ն։ Այս շենքը կայունության խորհրդանիշ է, քանի որ՝

  • Ամբողջ տանիքը պատված է արևային պանելներով և սպիտակ վերամշակելի թաղանթով, որը օգնում է պահպանել շենքի ջերմաստիճանը,
  • Խնայվում է էներգիայի 30%-ը ճարտարապետության միջոցով ցերեկային լույսի ակտիվ կիրառման շնորհիվ
  • Շենքը 2%-ով ծածկված է բույսերով, որը օգնում է ջուրը բնական ճանապարհով հասցնել հողին
  • Աշխատողներին տրամադրվում է 680 հեծանիվների կայանատեղի

Մոտակայքում կարելի է նաև տեսնել լուսավոր ալյումինե 17 հարկանի բնակելի շենք, որի տանիքում Silo ռեստորանն է։ Այս շենքը նախկին աշտարակ է, որտեղ հացահատիկներ են պահել, որը քանդելու փոխարեն վերածել են գեղեցիկ արվեստի գործի։
3
Silo ռեստորան
UN City
Կոպենհագենում սա միակ էկոլոգիապես կայուն շրջանը չէ: Քաղաքապետարանը գիտացկցում է, որ կլիմայի փոփոխության հետ վտանգ կա, որ ծովի մակարդակը կբարձրանա ու կողողի քաղաքի ափամերձ գիծը: Այդ պատճառով նրանք կառուցում են՝ Refshaleøen (Reifsheilullen) ու Lynetteholm (Luniteholm) թաղամաս-բուֆերային գոտիները:

Այս բուֆերային գոտիների մասին ավելի շատ իմանալու համար կարող ես նայել կցված հոլովակը։ Այն ունի նաև ենթագրեր, որոնք կարող ես թարգմանել հայերեն։
Refshaleøen և Lynetteholm
Դանիական Dissing+Weitling ճարտարապետական կազմակերպություն կանգնած է աշխարհի տարբեր քաղաքներում կայուն ճարտարապետության բազում օրինակների հետևում։ Ինչպես ասում են կազմակերպության հիմնադիրները՝ քաղաքում հեծանիվ վարելը պետք է զվարճալի լինի, իսկ գնացքին սպասելը չպետք է շատ ձանձրալի թվա: Այդ իսկ պատճառով, երբ նրանց առաջարկեցին Կոպենհագենում կառուցել միայն հեծանիվների կամուրջ, Dissing+Weitling-ի թիմը միայն ուրախ էր իրենց հարազատ քաղաքը էլ ավելի հարմար և գեղեցիկ դարձնել։ Նրանք կառուցեցին Bicycle Snake-ը, որի միջոցով դու կարող ես Vesterbro թաղամասից Islands Brygge հասնել:
Նմանատիպ կամուրջները և լավ հեծանիվների գծերը հարմարավետ են դարձնում Կոպենհագենում հեծանիվ քշելը։

Այսօր Կոպենհագենի բնակիչների 40%-ը հեծանիվ է վարում, քանի որ դա ավելի հարմար է, ավելի էժան, քան մեքենան․ այն անվտանգ ու արագ է ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև մեծ մայրուղիներում: Քաղաքը համառորեն ու հետևողականորեն նպաստում է մեքենաներից հրաժարվելու գաղափարին: Նույնիսկ ձյուն գալուց հետո, այն նախ մաքրում են հեծանվային ուղիներից: Մեծ մայրուղիների երկայնքով նույնիսկ անվադողեր փոխելու տեղեր կան:
Բացի հեծանիվների համար լինելուց, շատ կամուրջներ նաև միայն անցորդների համար են։ Այդպիսի կամուրջ է Circle Bridge-ը (1-ին և 2-րդ նկարում), որը նախագծվել է դանիական դիզայնի լեգենդ Օլաֆուր Էլիասոնի կողմից։ Իսկ Inner Harbour Bridge-ը (3-րդ և 4րդ նկարում) կառուցվել է այցելուների հոսքը քաղաքի կենտրոնից դեպի Օպերա ավելացնելու համար:

1
2
Այսպիսով՝ քաղաքը հեծանիվի ընտրությունը բնական է դարձնում. նախ ստեղծում է հարմարավետ էկոհամակարգ, այնուհետև բնակիչներին հրավիրում է որոշելու, թե որն է ավելի հարմար: Հեծանվային այս հաջողությունը օգտագործվում է Copenhagenize կազմակերպության կողմից, ինչը բառացիորեն թարգմանվում է «կոպենհագենացում»: Նրանք զբաղվում են ուրբանիստական՝ այսինքն քաղաքային դիզայնով: Նրանք հեծանվային համակարգեր են մշակում Փարիզի, Լիսաբոնի, Մոնրեալի և շատ այլ քաղաքների համար:
Չհեռանալով Եվրոպայից՝ շարունակենք շրջել մեկ այլ կայուն քաղաքում՝ Նիդերլանդերի մայրաքաղաք Ամստերդամում։ Քաղաքապետարանը մշտապես փորձում է քաղաքացիների համար հեծանիվների օգտագործումը հնարավորինս հարմար դարձնել։ Դրա համար քաղաքապետարանը՝
  • նոր հեծանվային ճանապարհներ է ստեղծում
  • ամենազբաղված հեծանվային ուղիներին ավելի շատ տարածք է տրամադրում
  • ազատ հեծանվային կայանատեղիներ է ստեղծում փողոցում
  • դնում է համապատասխան ճանապարհային նշաններ

Ամստերդամում հեծանիվների գծերը կոնաձև են։ Դա թույլ է տալիս, որ առավել արագ քշողները անցնեն առաջ և երբ արդեն անցել են ճանապարհը՝ կազմեն մեկ գիծ։ Սա թե՛ հեշտացնում է հեծանվորդների ընթացքը, թե՛ քչացնում է վթարների քանակը։
Քաղաքում նաև համատեղվում են հանրային տարածքներն ու կայանատեղիները՝ Bike & Walk. կայանիր հեծանիվդ, իսկ հետո գնա զբոսնելու։ Արդյունքում շատ հարմարավետ ցանց է ստացվում. դու հեծանիվդ վարում ես այգի, կանգնեցնում այն ու գնում զբաղվելու քո գործերով։
Ինչպես հասկացար, քաղաքապետարանը ակտիվ խրախուսում է հեծանիվ վարելը։ Այն սահմանել է վարելու կանոններ, էթիկա, ու ֆինանսավորում է քաղաքացիների նախաձեռնությունները։ Օրինակ՝ բոլոր հոլանդացիներն արդեն գիտեն, որ եթե նրանք բավականաչափ ուժ ունեն ու կարող են հեծանիվը բարձրացնել կայանավայրի երկրորդ հարկ, ապա ավելի լավ է դա անել և առաջին հարկը թողնել ավելի քիչ ֆիզիկական ուժ ունեցողների համար:
Քաղաքը շարունակում է կայանատեղիներ տեղադրել կայարաններում ու կանգառներում ու կառուցել հեծանվային կամուրջներ ու լաստանավային անցումներ Էյ գետի վրայով:
1
2
Երկհարկանի կայանատեղի
Կոնաձև գծեր
Բիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քոդենը իր երեկոյան հաղորդման սեգմենտներից մեկի՝ Carpool Karaoke-ի, ընթացքում իր մեքենայով վերցնում է տարբեր հայտնի երգիչների, որոնց հետ երգում է կարաոկե մի վայրից մյուսը գնալու ընթացքում։ Եթե այս գործընթացից հանենք երգելը, կստանանք ԱՄՆ-ում և Եվրոպայում շատ տարածված փոխադրման տեխնիկա՝ carpooling-ը, որը մեքենան կիսելու գաղափարն է՝ միաժամանակ մեկից ավելի մարդկանց տեղավորելու համար։ Ինչպես carsharing-ը, որը առանց մեքենայի սեփականտեր լինելու այն վարձակալելու գործընթացն է, carpooling-ը նույնպես տալիս է մի շարք առավելություններ։

Նախ, այսպես նվազեցնում ենք յուրաքանչյուր մարդու ճանապարհածախսը, վառելիքի ծախսերը, մեքենա վարելու սթրեսը, վերացնում այլ ուղևորների առանձին մեքենաներով վարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նվազեցնում ենք օդի աղտոտվածությունը, ածխածնի արտանետումները, ճանապարհների երթևեկության խցանումները և կայանատեղիների անհրաժեշտությունը:
Հիանալի է, չէ՞, որ կարող ենք առանց մեքենա ունենալու վայելել այն ունենալու առավելությունները և միևնույն ժամանակ ավելի քիչ վնաս հասցնել միջավայրին։

Այսօր քաղաքները փորձում են ազատվել մեքենաներից, որոնք իրենց արտանետած ածխածնով, անվերջանալի խցանումներով և աղմուկով առավել դժվար են դարձնում բնակիչների կյանքը։ Բայց չենք կարող չէ՞ մարդկանց արգելել գնել մեքենաներ և օգտվել անձնական տրանսպորտի միջոցներից, եթե նրանք այդպես առավել արագ են հասնում համալսարան կամ տուն տանում գնումները։ Այդ իսկ պատճառով քաղաքները աշխատում են երկու ուղղությամբ, որպեսզի քչացնեն մեքենաների քանակը՝
- Առավել բարդ դարձնել մեքենաների «կյանքը» քաղաքներում
- Առավել հեշտ և հասանելի դարձնել հասարակական տրանսպորից օգտվելը

Եկե՛ք ծանոթանանք հատաքրքիր օրինակների։
1
2
Եկե՛ք Եվրոպայից տեղափովենք մի քիչ արևելք՝ Մոսկվա, որտեղ 2023 թվականի հունիսից սկսած քաղաքը ունի նոր գետային էլեկտրական տրանսպորտային երթուղի։ 6․5 կմ երկարությամբ երթուղու վրա կան 8 էլեկտրական նավ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 50 ուղևոր։ Կան նույնիսկ տեղեր հատկացված հեծանիվների և սկուտերների համար, եթե որոշեք անցնել գետի մյուս կողմը՝ հեծանիվ քշելու համար։
Լավ կլիներ չէ՞, եթե առավոտյան հեծանիվով գնայիր դպրոց, այնուհետև carsharing-ով գնայիր խանութ՝ գնումների, իսկ երեկոյան սկուտերով գնայիր ընկերների հետ հանդիպման, և այս ամենը միայն մեկ հավելվածի և մեկ բաժանորդագրման միջոցով։ Սա հնարավոր է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Ինչպես Կոպենհագենը, Հելսինկիի քաղաքպետարանը նույնպես նպատակ ունի դառնալ էկո-կայուն և արդեն 2050 թվականին չարտանետել ոչ մի ջերմոցային գազեր։ Այս նպատակին հասնելու համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել MaaS Global-ի ստարտափի հետ և ստեղծել աշխարհում առաջին «Շարժողականությունը որպես ծառայություն» (անգլերեն՝ Mobility as a Service, MaaS) հավելվածը՝ Whim-ը։

Whim-ի օգնությամբ դու կարող ես գտնել մի տեղից մյուսը հասնելու ամենաարագ ու հարմար ճանապարհը։ Մեկ սովորական բաժանորդագրությամբ դու կարող ես անսահմանափակ օգտվել հեծանիվներից և հասարակական տրասնպորտից, ինչպես նաև մինչև €10 տաքսի պատվիրել։

Իսկ եթե փոխենք քաղաքի տրանսպորտի ամբողջ ենթակառուցվա՞ծքը։ Դրա համար եկեք մի քիչ էլ արևելք գնանք՝ դեպի Հոնկոնգ։
Հոնկոնգը աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից է։ Պատկերացրեք ի՜նչ տեղի կունենար, եթե բոլոր բնակիչները գնային աշխատանքի իրենց մեքենայով։ Սակայն Հոնկոնգը հայտնի է ո՛չ թե իր մեքենաներով, այլ կատարյալ հասարակական տրանսպորտի պլանավորմամբ։ Հոնկոնգի հասարակական տրանսպորտի ցանցը` զանգվածային տրանզիտային երկաթուղին (MTR), այնքան լավ է նախագծված, որ չնայած նրան, որ տոմսերը էժան են, այնումենայնիվ կարողանում է փակել իր բոլոր ծախսերը և նույնիսկ տնտեսական օգուտ է բերում քաղաքին։ Սա աշխարհում ամենաբարձր նմանատիպ ցուցանիշն է։

Բայց եթե տոմսերը էժան են, այդ դեպքում որտեղի՞ց է մեծ եկամուտը։
Մետրոյի կայարանները հատուկ տեղադրված են այն տարածքերում, որտեղ կան շատ խանութներ և մոլեր։ Մետրոն խոշոր եկամուտ է ստանում այդ խանութներից, քանի որ «հաճախորդներին բերում է դեպի առևտրի կետեր»։

Բացի այս հնարամիտ եկամտի տարբերակից, հավելվածի օգնությամբ, որտեղ գրանցված են բոլոր հասարակական տրանսպորտից օգտվողները, MTR-ը կարողանում է տեսնել թե օրվա որ ժամին որ ուղղություններն են ամենապահանջվածը և ավելի է ակտիվացնում այդ ուղղության տրասնպորտները։ Սրա օգնությամբ նա կրճատում է իր ծախսերը։

Այս կատարյալ համակարգում տրանսպորտից օգտվողների 99․9%-ը ժամանակին է հասնում տեղ, քանի որ տրանսպորտը համարյա երբեք չի ուշանում։ Նույնիսկ 8 րոպե ուշացման դեպքում, դա տեղեկացվում է կառավարությանը։
1
2
Նայի՛ր նկարին և մտածի՛ր «սուպերբլոկ» բառի մասին։
Ի՞նչ նկարագիր է գալիս մտքիդ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2014 թվականին Բարսելոնան շատ լուրջ օդի աղտոտվածության խնդրի առաջ էր կանգնած, որի հիմնական պատճառը մեքենաների մեծ քանակն էր։ Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ միայն օդի վատ որակի պատճառով տարեկան 3,500 վաղաժամ մահ էր գրանցվում։ Այդ ժամանակ Բարսելոյանի քաղաքապետ Ադա Կոլաուն հավաքեց մասնագետների թիմ և միասին որոշեցին կազմել պլան՝ պատկերը փոխելու համար։ Ադան ցանկանում էր ոչ միայն մաքրել օդը, այլ քաղաքը հետ վերադարձնել մարդկանց՝ մարդու տեղաշարժումների մոտ 82% դարձնելով ոտքով, հեծանիվով կամ հասարակական տրանսպորտով։ Այս պլանի կենտորնական և ամենահետաքրքիր մասը «սուպերբլոկերն» են։
Ի՞նչ են «սուպերբլոկերը»՝
  • 9 փոքր բլոկերի քառակուսաձև միավորում
  • Սուպերբլոկի ներսում չի թույլատրվում ոչ տեղացիների մեքենաների կամ հասարակական տրանսպորտի մուտքը
  • Կայանատեղիները գետնի տակ են և կարող են կիրառվել միայն բլոկի բնակիչների կողմից
  • Բլոկը ամբողջությամբ հետիոտների, հեծանվորդների և սքութերների համար է
1
2
Արդյունքում, Բարսելոնայում նաև շատացան կանաչ վայրերը, քչացավ աղմուկը, և մարդկանց տրամադրությունը «սուպերբլոկեր»-ում ավելի բարձր է, քան առաջ։

Այսօր քաղաքը դեռ շարունակում է «սուպերբլոկեր»-ի նախագիծը։ 2023 թվականին 4 նոր թաղամաս ներգրավվել են ծրագրում, և հնարավոր է շուտով Բարսելոնան ամբողջությամբ լինի մեկ մեծ «սուպերբլոկ»։

Ի՞նչ սովորեցիր՝ ինչպե՞ս կարելի է քաղաքները ավելի լավը դարձնել։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի ամփոփել մտքերը։
Մաս 2: Ապագա առաջնորդի հմտություններ
Արի՛ մինչ շարունակելը մեկ րոպե կանգ առնենք։ Նայի՛ր այս երկու նկարին։ Որո՞նք են այս երկու արջերի նմանություններն ու տարբերությունները։
Նկարում պատկերված երկու կենդանիներն էլ արջ են, բայց մեզ տարբեր գույներով են ներկայացված։ Արջերի գույնը պայմանավորված է նրանց միջավայրով: Ե՛վ բևեռային արջերը, և՛ գորշ արջերը հարմարվել են իրենց շրջակա միջավայրին: Նրանք հարմարվել են այնպիսի ձևերով, որոնք օգնում են նրանց սնունդ գտնել, մնալ տաք կամ հով և մեծացնել իրենց ընտանիքները: Դա նման է նրան, թե ինչպես ենք մենք հարմարվում մեր կյանքի տարբեր իրավիճակներին՝ լինի դա նոր դպրոց, աշխատանք կամ նույնիսկ նոր հոբբի: Հարմարվելն օգնում է մեզ բարգավաճել և զարգանալ: Այս երկու արջերն էլ ունեն տարբեր հմտություններ և տարբեր ուժեղ կողմեր։ Օրինակ՝ սպիտակ բևեռային արջը իր գույնի շնորհիվ կարողանում է համադրվել իր միջավայրի հետ և պաշտապվել այլ գիշատիչներից, որոշակիորեն դառնալով իր միջավայրի առաջնորդ գիշատիչը։ Սա նրա ձեռք բերած ուժային հմտությունն է, որը նրան դարձնում է յուրահատուկ։ Մեզնից յուրաքանչյուրը ունի պոտենցիալ դառնալու մեր միջավայրի առաջնորդը։
Ինչպե՞ս կառավարել մեր մասին տպավորությունները
Նոր միջավայրերում հարմարվելը կարող է բարդ լինել, և շատ դեպքերում մենք չենք կարողանում կառավարել այն, ինչպես մեզ ընկալելու են այդ միջավայրերում։ Սակայն, կան մի քանի հիանալի գործիքներ, որոնք կարող են օգնել յուրաքանչյուրիս ավելի լավ տպավորություն գործել նոր դպրոցում կամ միջավայրում։
  • Տեսողական առաջին տպավորություն
    Ձեր հագուստը և արտաքին տեսքը կարևոր են, քանի որ դրանք առաջինն են, ինչ մարդիկ նկատում են: Նրանք կարող են շատ բան պատմել ձեր անհատականության մասին: Ընտրեք զգեստներ, որոնք արտացոլում են միջավայրը (աշխատանքային, կամավորական, և այլն) և ձեր անհատական ոճը: Կոկիկ և պատշաճ հագնվելը ցույց է տալիս հարգանք ուրիշների նկատմամբ: Լավ կեցվածքն արտահայտում է ինքնավստահություն: Երբ դու քո լավագույն տեսքն ունես, ավելի ինքնավստահ ես զգում, և այդ վստահությունը կարող է ազդել նրա վրա, թե ինչպես են ուրիշները քեզ ընկալում, ինչը հեշտացնում է կապը և դրական տպավորություն թողնելը:
  • Ակտիվ լսել և արդյունավետ հաղորդակցություն
    Ակտիվ լսելը և արդյունավետ հաղորդակցությունը կարևոր են լավ տպավորություն թողնելու համար, քանի որ դրանք ցույց են տալիս, որ գնահատում եք ուրիշների ասելիքը: Ուշադիր լսելով և մտածված արձագանքելով՝ դուք վստահություն եք ձևավորում և հարգանք ցուցաբերում: Երբ հասկանում և կապվում եք մարդկանց հետ, դուք ստեղծում եք դրական փոխազդեցություններ՝ լինի դա ընկերական, դպրոցում կամ ապագա կարիերայում: Այսպիսով, փորձեք լինել լավ լսող, տվեք հարցեր և հստակ արտահայտեք ձեր մտքերը։ Դա ամուր հարաբերություններ կառուցելու և ուրիշների վրա հիանալի տպավորություն թողնելու բանալին է։
  • Ոչ բանավոր հաղորդակցություն
    Ոչ բանավոր հաղորդակցությունը ներառում է ձեր մարմնի լեզուն՝ դեմքի արտահայտությունները և ժեստերը: Այս նշանները կարող են բացահայտել ձեր զգացմունքներն ու մտադրությունները, հաճախ ավելի բարձր, քան խոսքերը: Երբ ձեր ոչ խոսքային ազդանշանները համընկնում են ձեր խոսքերի հետ, դուք անկեղծ և վստահելի եք թվում: Լավ կեցվածքը և տեսողական կապը խոսակցի հետ շփումը ցույց են տալիս վստահություն: Այսպիսով, ուշադրություն դարձրեք ձեր ոչ խոսքային նշաններին. դրանք կարող են ուժեղացնել կամ խաթարել ձեր տպավորությունը ուրիշների վրա։
  • Ինքնավստահություն և դրականություն
    Ինքնավստահ պահվացքն ու դրական էներգիան ենթադրում են ինքնավստահություն և ընկերական վերաբերմունք: Երբ հավատում եք ինքներդ ձեզ և ոգևորությամբ եք մոտենում փոխհարաբերություններին, մարդիկ բնականաբար ձգվում են դեպի ձեզ: Առաջինը ցույց է տալիս, որ ձեզ կարելի է վստահել, մինչդեռ դրական էներգիան ստեղծում է հյուրընկալ և հաճելի մթնոլորտ: Այս հատկությունները օգնում են ձեզ առանձնանալ և հիշարժան, բարենպաստ տպավորություն թողնել ուրիշների վրա:
Կարևորը հավատա ինքդ քեզ ու եղիր բաց փոփոխությունների առաջ։
Խոսքի որակը՝ պայքար անհանգստության դեմ
Մի քանի խորհուրդ անհանգստության դեմ պայքարելու համար Սթենֆորդի համալսարանի դասախոս Էնդրյու Հյուբերմանի կողմից
Բանավոր խոսքը կարող է անհանգստություն առաջացնել՝ հատկապես նոր միջավայրում և կարճ ժամանակում։ Սակայն կան մի քանի նյարդաբանական տեխնիկաներ, որոնք կարող եք կիրառել՝ հանգստանալու և գեղեցիկ խոսք ապահովելու համար։
Հյուբերմանը պնդում է անհանգստությունն ու հուզմունքը կառավարվում են կենտրոնական նյարդային համակարգի կողմից, որը պատասխանատու է զգոնության համար և կարող է վերահսկվել գիտակցաբար: Այսինքն, դուք կարող եք վերահսկել այն:

Անհանգստության վերակազմակերպում՝

Ֆիզիոլոգիական ախտանիշները դրականորեն պիտակավորելը, ինչպես, օրինակ, նյարդայնությունը որպես հուզմունք մեկնաբանելը, կարող է օգնել կառավարել անհանգստությունը:

Ինքդ քեզ հանգստացնելու մեխանիզմ՝

Տեխնիկաները, ինչպիսիք են քթով երկու անգամ ներշնչելը, այնուհետև բերանով արտաշնչելը, ապահովում են արագ և արդյունավետ հանգստություն բարձր սթրեսային պահերին:

Վիրտուալ հաղորդակցման ժամանակ՝ մի նայեք ինքներդ ձեզ: Արդյունավետ կապի համար վիրտուալ խոսքի ընթացքում ընդունեք ուղիղ հայացք՝ նայեք ձեր սահիկաշարին կամ մեկ կետի՝ կենտրոնացումը պահելու համար։
Նոր համայնքում կապեր ձեռք բերելու համար, որտեղի՞ց պետք է սկսել։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Ինչպե՞ս ձեռք բերել կապեր - որտեղի՞ց սկսել
Գիտեի՞ք, որ լավ կապեր ու հարաբերություններ ունենալն ազդում է ձեր բարեկեցության և երջանկության մակարդակի վրա: Սա ապացուցել են Հարվարդի ուսումնասիրությունները։ Գիտնականները մոտ 70 տարի ուսումնասիրել են մարդկանց երկարակյացության և երջանկության պատճառները, որոնցից մեկը մարդկանց հետ առողջ շփումն է։
  • Networking
    Networking-ը մարդկանց հետ հաղորդկցավելու գործընթացն է՝ տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կամ սոցիալական շփումների զարգացման համար: Networking կարող եք անել գնալով ֆիզիկական պրոֆեսիոնալ հանդիպումների, սեմինարների, առցանց միջոցառումների, Linkedin հարթակում, և կիրառելով ձեր կապերը՝ այլ մարդկանց հետ ծանոթանալու համար։
  • Ուսումնական
    սպորտային
    խմբակներ
    Քո հետաքրքրություններով անձանց հետ կարող ես կապ հաստատել գրանցվելով տեղական ուսումնական, արվեստի կամ սպորտի խմբակների։ Շատ դեպքերում քո դպրոցը նույնպես կարող է ունենալ նման խմբակներ։ Եթե քո տարածաշրջանում չես գտնում քո ցանկացած խմբակը, առցանց փնտրելը լավ տարբերակ է։ Շատ կարևոր է հատուկ գնալ վայրեր, որտեղ կարող ես նոր մարդկանց հանդիպել։
  • Կամավորություն
    Կամավորությունը հիանալի միջոց է նոր մարդկանց հետ կապվելու, քանի որ այն ապահովում է ընդհանուր նպատակ՝ խթանելով համայնքի զգացմանը: Կամավորությունը ձեզ ծանոթացնում է անհատների տարբեր շրջանակների հետ՝ օգնելով նրանց հետ կապ ստեղծել: Վերջապես,սա ձեզ թույլ կտա դրական ներդրում ունենալ ձեր նոր համայնքում:
  • Այլ դասընթացներ
    Ֆորմալ կրթությունից դուրս դասընթացների գնալը, աշխատանքային փորձեր ձեռք բերելը նույնպես կապեր հաստատելու լավ տարբերակ է՝ հատկապես պրոֆեսիոնալ զարգացման համար։ Ինչպես կամավորության ժամանակ, այստեղ նույնպես ձևավորվում է թիմային ընդհանրական մտածողություն, քանի որ աշխատում եք մեկ նպատակի շուրջ։ Սա օգնում է կապերին դառնալ ամուր և երկարատև։
Ինքնավստահությունից գաղափարների իրագործում
Նոր միջավայրերը բացում են նոր հնարավորություններ քո գաղափարները կյանքի բերելու։ Միգուցե նոր համայնքում կան բաներ, որ դուր չեն գալիս ու կցանկանաս դառնալ այդ խնդրի լուծողը։ Ի տարբերություն մարդկանց, ովքեր սովոր են այդ միջավայրին, դու ունես թարմ հայացք, որը կարող է հիանալի գաղափարների աղբյուր դառնալ։ Այս գաղափարները իրագործելու ճանապարհին դու կմեծացնես քո ծանոթությունների ցանցը, կսովորես պրակտիկ գիտելիքներ, որ գրքերից չէիր կարող ստանալ, իսկ արդյունքում կարող ես ունենալ քո սեփական նախագիծը և նույնիսկ բիզնեսը։ Արի՛ հասկանանք, թե ինչու պետք է անել նախագիծ։
  • Ինչո՞ւ եմ անում նախագիծ
    Տվե՛ք ինքներդ ձեր այս հարցը և փորձե՛ք անկեղծ լինել. ինչո՞ւ եմ ցանկանում անել նախագիծ։

    Հիմա և ամբողջ կյանքի ընթացքում մեր ռեսուրսները սահմանափակ են, և մենք պետք է զգուշությամբ ընտրենք, թե ինչի վրա ենք դրանք կիրառում։ Տրամաբանական չէ ժամանակ և ռեսուրսներ տրամադրել մի բանի, որից օգուտ չի լինելու ոչ ոքի, և առաջին հերթին՝ ինքներդ ձեզ համար։ Այդ իսկ պատճառով պետք է անել նախագիծ, որը ձեզ դուր է գալիս և ունի այնպիսի նպատակներ, որոնք ձեզ ոգևորում է աշխատել։


  • Նպատակներ

    Նախագիծ անելու հնարավոր նպատակներ կարող են լինել՝
    • ցանկանում եմ լուծել X հարցը
    • ցանկանում եմ գումար վաստակել
    • ցանկանում եմ հայտնի դառնալ
    • ցանկանում եմ անել մի բան, որը կօգնի ինձ համալսարանում կամ համալսարան ընդունվելիս
    • ցանկանում եմ անել մի բան, որը ինձ կօգնի աշխատանքային պրակտիկա ձեռք բերել
    • ցանկանում եմ փորձել ձեռնարկատիրական հմտություններս
    • ցանկանում եմ գտնել նոր ընկերներ և մեծացնել կապերիս ցանցը
  • Ինչո՞ւ պատասխանել
    «ինչո՞ւ» հարցին
    «Ինչո՞ւ» հարցին պատասխանելը կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք չափելու արդյոք նախագիծը հաջողվել է, թե՝ ոչ։

    Այս բոլոր նպատակները դառնալու են ձեր նախագծի արդյունքը․ լուծված հարց, վաստակած գումար, համալսարանի ընդունելություն, և այլն։ Այսինքն, եթե դուք հասնեք նախօրոք որոշված կետերին, կհասկանաք, որ ձեր նախագիծը հաջողվել է։ Սա կարևոր է առաջին հերթին ձեզ համար, որպեսզի հասկանաք՝ ինչն եք լավ արել, ինչը՝ թերի, և բարելավեք թերացումները։
Ո՞րն է իմ դերը
Ենթադրենք, որ դուք կատարել եք հետազոտություն և ինքներդ ընտրել եք մի քանի ոլորտներ, խնդիրներ և միտումներ, որոնց վրա ցանկանում եք կենտրոնանալ։

Պատկերացրե՛ք, որ որոշել եք ստեղծել մեկ դեղամիջոց բոլոր հիվանդությունների համար։

Հիանալի գաղափար է, չէ՞։ Սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս եք դա անելու․ դեղամիջոցի ստեղծման ո՞ր փուլի համար եք ցանկանում վերցնել պատասխանատվություն։
ինչպե՞ս
Տարբերակ 1
Կնախընտրեմ նստել լաբորատորիայում, անել փորձեր և հանգել գիտական նորարարության
Տարբերակ 2
Կնախընտրեմ հավաքել գիտնականներ, հավաքել գումար նրանց փորձերի համար, կազմակերպել հաջողված նորարարության տարածումը
Եթե դոք ավելի շատ կնախընտրեք երկրորդ տարբերակը, դուք հակված եք ձեռներեցության, որտեղ հաջողության հասնելու մեջ նախագծերի կառավարման հմտությունները կենտրոնական դեր են խաղում։
Սակայն նույնիսկ եթե դուք նախընտրում եք առաջին տարբերակը, դուք պետք է կարողանաք այն ճիշտ ներկայացնել և ճիշտ կառավարել, որպեսզի մարդիկ և կազմակերպությունները իմանան ձեր նոր դեղամիջոցի մասին։
Շաբաթ օրը
Առաջին հանդիպման ժամանակ ծանոթանալուց հետո մենք կքննարկենք քաղաքների խնդիրների տարբեր սցենարներ, կլուծենք խնդիրներ, կանենք ուսումնասիրություններ, և կունենանք ելույթներ։ Մինչ հանդիպո՜ւմ։