4C հմտությունների գնահատում
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է ուսանողների 4C հմտությունների գնահատման համար մինչ էկոկայունության մոդուլը սկսելը
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություն
Քննդատական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեզ մի իրավիճակ ներկայացնեմ։
    Արկտիկայում կան Անովա կոչվող թանկարժեք քարի հանքեր։ Մի արդյունահանող խումբ փորձում է արդյունահանել հնարավորինս մեծ քանակով Անովա։
    Անհրաժեշտ է հիշել մի քանի բան․
    1․ Ամեն բարեհաջող արդյունահանված Անովա քարի հետ վնասվում և ոչնչացվում է մեկ այլ Անովա քար։
    2․ Հյուսիսային բևեռի Արկտիկան դեռևս միակ տեղն է, որտեղ կարելի է գտնել Անովա քարից։
    3․ Որոշ գիտնականներ ունեն հիփոթեզ, որ Հյուսիսային բևեռում Անովայի պաշարները 100 տարի հետո կվերջանան։
    4․ Գիտնականների մի այլ խումբ ենթադրում է, որ Անովայի պաշարներ կարող են լինել նաև հարավային բևեռում, սակայն, ոչ մի խումբ դեռևս դա չի հաստատել։

    Այս իրավիճակում ձեզ առաջարկում եմ 3 հնարավոր որոշում․

    1․ Ստեղծել մեքենա, որը Անովա կարդյունահանի երկու անգամ ավելի արագ։
    2․ Ստեղծել մեքենա, որը այնպես կարդյունահանի քարը, որպեսզի մեկ այլ Անովա չոչնչանա։
    3․ Մեկնել հարավային բևեռ և փնտրել Անովա քարի հանքեր այնտեղ։

    Հարց։ Ո՞ր որոշումն է արդյունահանող խմբի համար լավագույնը։
  • Ուղղորդումներ

    Լուծում 1 - Ստեղծել մեքենա, որը Անովա կարդյունահանի երկու անգամ ավելի արագ։

    Արդյունահանումը արագացնելը կարող է գրավիչ թվալ կարճաժամկետ եկամուտի ավելացման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս որոշումը խնդրահարույց է էկոկայունության և Անովայի ռեսուրսների երկարաժամկետ կառավարման տեսանկյունից։ Արագացված արդյունահանումը հավանաբար կսպառի Անովայի հանքերը շատ ավելի շուտ, քան 100 տարին և դրանից հետո այս քարը այլևս երբեք հասանելի չի լինի ոչ մեկի։ Այս որոշումը ոչ միայն անտեսում է ռեսուրսների խելամիտ կառավարումը և բնության պաշտպանությունը, այլև անմիտ է նաև երկարաժամկետ շահույթի ստացման տեսանկյունից։
    Արագացված արդյունահանումը կխախտի տեղի էկոհամակարգը և կվնասի կենսաբազմազանությանը։ Արկտիկայում ապրող կենդանի օրգանիզմների կյանքը կախված է Արտիկային բնորոշ պայմանների պահպանումից։ Այսպիսի արդյունահանումը էապես կազդի բոլոր օրգանիզմների վրա։
    Արագացված արդյունահանումը կստեղծի նաև անկառավարելի ծավալների թափոն, ինչը կաղտոտի մոտակա ջրային ավազանները և օդը:
    Նման գործունեությունը կխախտի նաև տեղի բնակիչների կյանքը։
    Խումբը պետք է կարճաժամկետ եկամուտից բացի քննի իրենց բիզնեսի, բնության և տեղի համայնքի վրա երկարաժամկետ ազդեցությունը։

    Լուծում 2 - Ստեղծել մեքենա, որը այնպես կարդյունահանի քարը, որպեսզի մեկ այլ Անովա չոչնչանա։

    Այս լուծումը ավելի մոտ է կայուն զարգացման և էթիկական ռեսուրսների կառավարման սկզբունքներին։ Ներդրում կատարելով նման սարքի հետազոտության և հայտնագործման մեջ՝ խումբը մեծ ներդրում է անում հանքերի արդյունահանման ոլորտի կայուն զարգացման ուղղության մեջ և բարձրացնում է սեփական համբավը՝ իբրև պատասխանատու բիզնես։ Շահույթի տեսանկյունից այս որոշումը խմբին կապահովի կայուն Անովայի հումքով և հետևաբար կայուն երկարաժամկետ եկամուտով։
    Այնուամենայնիվ, նման սարքի ստեղծումy նաև կպահանջի նախնական խոշոր ֆինանսական ներդրումներ և կարող է ունենալ քիչ ժամանակում շատ քար արդյունահանելու տեսանկյունից ավելի ցածր արդյունավետություն բիզնեսի համար։ Սարքը կարող է ունենալ նաև սեփական էկոլոգիական ոտնահետքը, որը նախատեսված չէր։ Խումբը պետք է հաշվի առնի և հավասարակշռի եկամտի, բնության պահպանության, ռեսուրսների կառավարման և ոլորտում իր դիրքի մասին երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները և որոշման հետևանքները։

    Լուծում 3 - Մեկնել հարավային բևեռ և փնտրել Անովա քարի հանքեր այնտեղ։

    Այս որոշումը ենթադրում է ռիսկերի ստրատեգիական ընտրություն։ Այս որոշումը մոտ է ռիսկերի կառավարման և բիզնեսի ապագայի մասին մտածելու ռազմավարությանը։ Մեկնելով հարավային բևեռ՝ խումբը կարող է դառնալ առաջատար ոլորտում, ստանալ մրցակցային առավելություն և ունենալ Անովա քարի նոր աղբյուր։ Եթե անհրաժեշտ հանքաքարը գտնվի, սա կպակասեցնի խումբի կախվածությունը Արկտիկայից՝ իբրև հումքի միակ աղբյուր և կապահովի բիզնեսի կայունությունը։ Նոր տարածքի հետազոտումը նոր գիտելիք կստեղծի նաև բուն տարածքի աշխարհագրական և բնության առանձնահատկությունների, կլիմայի մասին։
    Այնուամենայնիվ, այս որոշումը կարող է անհաջողության վերածվել, եթե հանքաքարեր չհանտյաբերվեն։ Բիզնեսը կկորցնի նաև հսկայական ֆինանսական ռեսուրսներ, քանի որ նման ճանապարհորդությունը և հետազոտությունը հսկայական ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ Նման միջատությունը չուսումնասիրված տարածքում կարող է նաև բերել անկանխատեսելի բացասական հետևանքների տարածքի էկոհամակարգի համար: Խումբը պետք է քննի սեփական ռեսուրսների ծավալը, բիզնես նպատակները, բնության վրա ազդեցությունը, որպեսզի հասկանա արդյոք նման ռիսկը արդարացված է, թե՝ ոչ։

  • Առանցքային կետեր

    1․ Քննարկման արդյունքում ուսանողները քննում են բոլոր հնարավոր որոշումների կարճաժամկետ և երկարաժամկետ առավելություններն ու ռիսկերը։

    2․ Եզրակացություններ անելիս՝ ուսանողները աջակցող փաստերով հիմնավորում են իրենց կարծիքը։

    3․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։


2. Քննարկում-վարժություն
Թիրախավորվող հմտություն
Համագործակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Հետաքրքիր քննարկում ստացվեց։

    Այժմ պատկերացրեք՝ Արկտիկայում Անովայի արդյունահանման վրա աշխատում է երեք խումբ։ Եկեք բաժանվենք երեք թիմի՝ ըստ երեք արդյունահանող խմբերի։ Ձեր խմբի անունը կարող եք որոշել ինքներդ։

    Մարզիչը պատահականության սկզբունքով ուսանողներին բաժանում է խմբերի։

    Թիմերը կարող են աշխատել միասին, արդյունահանել ավելի շատ Անովա և վերջում որևէ կերպ բաժանել արդյունահանած Անովան կամ կարող են աշխատել առանձին։ Երեք խմբերին ներկայացված են նույն երեք հնարավոր որոշումները․

    ա․ Ստեղծել մեքենա, որը Անովա կարդյունահանի երկու անգամ ավելի արագ։
    բ․ Ստեղծել մեքենա, որը այնպես կարդյունահանի քարը, որպեսզի մեկ այլ Անովա չոչնչանա։
    գ․ Մեկնել հարավային բևեռ և փնտրել Անովա քարի հանքեր այնտեղ։

    Խմբերը չեն կարող ընդունել միևնույն որոշումը, սակայն կարող են քննարկել միասին, թե որ թիմը որ որոշումն է ընդունելու։ Խմբերը միմյանց ստել չեն կարող։
    Խմբերի նպատակն է ստանալ հնարավորինս շատ շահույթ՝ հասցնելով հնարավորինս քիչ վնաս։

    Խաղ-քննարկումը կավարտվի երբ, բոլոր երեք խմբերը գան համաձայնության․

    1․ Երեք որոշումների թիմերի միջև բաշխման մասին
    2․ Որոշումների հնարավոր բացասական հետևանքները հասցեագրելու մասին
    3․ Համատեղ կամ միայնակ աշխատելու մասին։
    4․ Եթե թիմերը աշխատում են միասին, արդյունահանած Անովան հավասար կամ անհավասար բաժանելու մասին

    Յուրաքանչյուր թիմում պետք է լինեն հետևյալ գործառույթը կատարող մարդիկ․

    1․ Բնապահպան-գիտնական - պետք է օգնի թիմին ընդունել ճիշտ որոշումներ՝ էկոկայունության տեսանկյունից
    2․ Բիզնես խորհրդատու - պետք է օգնի թիմին ընդունել որոշումներ, որոնք առավելագույն շահույթը կբերեն խմբին
    3․ Բանակցություններ վարող - պետք է հաղորդակցության դուրս գա մնացած երկու խմբերի հետ՝ խմբի նպատակներին հասնելու համար։

    Խաղը ունի հետևյալ կառուցվածքը․

    Փուլ 1։ Խմբի ուժեղ կողմերի վեր հանում և դերերի բաշխում
    Փուլ 2։ Առաջին քննարկում խմբի ներսում
    Փուլ 3։ Առաջին բանակցություն խմբերի միջև
    Եթե համաձայնություն բոլոր հարցերի շուրջ չկա․
    Փուլ 4։ Երկրորդ քննարկում խմբի ներսում
    Փուլ 5։ Վերջին բանակցություն խմբերի միջև
    Խաղը ավարտվում է։ Եթե համաձայնություն կա բոլոր երեք/չորս հարցերի շուրջ, թիմերը ավարտում են հաջողությամբ, եթե ոչ՝ ձախողմամբ։

    Քայլ 1։ Ծանոթացում խմբի հետ
    Ծանոթացեք և դուրս բերեք յուրաքանչյուրի ուժեղ կողմերը և ըստ ուժեղ կողմերի՝ կատարեք դերերի բաշխում (ուսանողների քանակից կախված՝ նույն դերը կարող են կատարել մի քանի մարդիկ)։ Այս քայլի համար ունեք առավելագույնը 5 րոպե ժամանակ։

    Քայլ 2։ Առաջին քննարկում խմբի ներսում
    Դուք ունեք 10 րոպե ժամանակ, որպեսզի ողջ թիմով միաձայն որոշեք․

    ա․ արդյոք ցանկանում եք համագործակցել որևէ խմբի/խմբերի հետ, ցանկանում եք միայնակ աշխատել կամ գուցե գնալ փոխզիջման
    բ․ որոշումներից ո՞րն է ընդունելու ձեր թիմը։
    գ․ ի՞նչ հարցեր ունեք մյուս խմբերի համար, ինչպիսի՞ ելույթ եք ունենալու բանակցությունների փուլի ժամանակ։
    Ձեր որոշումները կարող են փոփոխվել բանակցության փուլից հետո։

    Քայլ 3։ Բանակցությունների առաջին փուլ

    Երեք խմբերի բանակցություններ վարող անդամները ունեն 7 րոպե ժամանակ միմյանց հարցեր տալու, երեք հարցերի շուրջ համաձայնության գալու համար։

    Եթե բոլոր հարցերի շուրջ համաձայնություն չի հաստատվում․

    Քայլ 4։ Երկրորդ քննարկում խմբի ներսում

    Առաջին բանակցությունների արդյունքների հիման վրա՝ խումբը ընդունում է որոշումներ և պատրաստվում սեփական ելույթին վերջին բանակցությունների փուլի համար։ Այս քայլի համար ունեք առավելագույնը 5 րոպե ժամանակ։

    Քայլ 5 Բանակցությունների վերջին փուլ

    Երեք խմբերի բանակցություններ վարող անդամները հանդիպում են՝ փորձելու գալ վերջնական համաձայնության բոլոր 3 հարցերի շուրջ։ Այս քայլի համար ունեք առավելագույնը 5 րոպե ժամանակ։

    Եթե համաձայնություն կրկին չի հաստատվում, մարզիչը դադարեցնում է խաղը՝ հայտնելով, որ թիմերը չկարողացան գալ համաձայնության


  • Ուղղորդումներ

    Լուծում 1 - Ստեղծել մեքենա, որը Անովա կարդյունահանի երկու անգամ ավելի արագ։

    Բնապահպանական խնդիրներ

    1․ Ռեսուրսների անխելամիտ սպառում
    2․ Վնաս կենսաբազմազանությանը
    3․ Արդյունահանման թափոնների մեծ ծավալ քիչ ժամանակում
    4․ Սարքի ստեղծումը կպահանջի էներգիայի և այլ բարձր ածխածային հետք ունեցող ռեսուրսների օգտագործում։

    Խնդիրների հնարավոր լուծումներ

    1. Անցկացնել որակական և քանակական գնահատում այն մասին, թե նման ինտենսիվության արդյունահանումը ինչպիսի և ինչ մեծության բնապահպանական հետք է ստեղծում տվյալ տարածքում։ Հիմնվելով գնահատման արդյունքների վրա՝ սահմանել արդյունահանման քվոտաներ/սահմանափակումներ։
    2․ Ռեսուրսներ հատկացնել տարածքում ապրող կենդանի օրգանիզմների ապրելու բնական միջավայրերի պահպանման և վերականգման համար։ Առանձնացնել հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ արդյունահանում չի իրականացվի։ Օգտակար է կենսաբազմազանության ուսումասիրումը մինչ աշխատանքների սկումը, դրանց ընթացքում և արդյունահանման ավարտին ազդեցության համեմատականներ տանելու համար։
    3․ Քանի որ Արկտիկայում թափոնների մշակումը խնդրահարույց է, անհրաժեշտ կլինի տեղադրել հատուկ նախագծված արդյունահանման թափոնների պահեստներ, որտեղ թափոնը ամբողջապես առանձնացված կլինի միջավայրից և կփոքրանա ջրային ավազանների և միջավայրի աղտոտումների հավանականությունը։ Կարիք կլինի օգտագործելու թափոնների չորացման և շերտերով դասավորման տեխնոլոգիա, որպեսզի հնարավորինս մեծ քանակով թափոն պահեստավորվի հնարավորինս փոքր տարածքում։
    4․ Սարքի ստեղծել մասերից, որոնք հնարավորինս էկոկայուն են և կոմպոստացվող։ Մեկ այլ մեծ քայլ կարող է լինել վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացումը, ինչպիսին արևային, քամու, հիդրոէլեկտրական էներգիաներն են։


    Լուծում 2 - Ստեղծել մեքենա, որը այնպես կարդյունահանի քարը, որպեսզի մեկ այլ Անովա չոչնչանա։

    Բնապահպանական խնդիրներ

    1․ Սարքի ստեղծումը կպահանջի էներգիայի և այլ բարձր ածխածային հետք ունեցող ռեսուրսների օգտագործում։

    Խնդիրների հնարավոր լուծումներ

    1․ Սարքի ստեղծել մասերից, որոնք հնարավորինս էկոկայուն են և կոմպոստացվող։ Մեկ այլ մեծ քայլ կարող է լինել վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացումը, ինչպիսին արևային, քամու, հիդրոէլեկտրական էներգիաներն են։

    Լուծում 3 - Մեկնել հարավային բևեռ և փնտրել Անովա քարի հանքեր այնտեղ։

    Բնապահպանական խնդիրներ

    1․ Չուսումնասիրված տարածքում արտաքին միջամտությունները արդյունահանման տեսքով կարող են բերել անսպասելի փոփոխությունների տարածքի կենսահամակարգում։

    Խնդիրների հնարավոր լուծումներ

    1․ Մինչ որևէ միջամտություն անելը իրականացնել բազմակողմանի քանակական և որակական գնահատում տարածքի առանձնատկությունների, տարածքում ապրող կենդանի օրգանիզմների և ընդհանուր համակարգի մասին։ Սահմանել և առաանձնացնել առավել կարևոր պահպանման գոտիներ, որտեղ միջամտություններ չեն իրականացվի։

  • Առանցքային կետեր

    1․ Մարզիչը ամեն փուլից առաջ կրկին ընդգծում է, թե տվյալ փուլը ինչպիսի աշխատանք է ակնկալում և օգնում է ուսանողներին հետևել ժամանակային սահմանափակումներին։

    2․ Մարզիչը միջամտում է քննարկումներին, երբ ուսանողները շեղվում են խաղի ներկայացված կառուցվածքից և ուղղորդում է նրանց հետևել քայլերին։

    3․ Մարզիչը չի միջամտում քննարկումներին, երբ ուսանողները ունենում են ինքնակազմակերպման, դերերի բաժանման, համագործակցության խնդիրներ։

    4․ Մարզիչը կարող է աջակցել ուսանողներին ըստ անհարժեշտության , երբ առաջանում են էկոկայունության տեսանկյունից բովանդակային վերլուծություն կատարելու խնդիրներ (ըստ ուղղորդումների բաժնի)։

    4․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։
3. Մտագրոհ-Վարժություն
Թիրախավորվող հմտություն
Ստեղծարար մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Տեղափոխվենք Մեքսիկա՝ գիտական ձեռքբերումների ցուցահանդես, որտեղ պրոֆեսոր Սանդրա Պասկո Օրտիզը ցուցադրում է իր՝ կակտուսի հյութից ստացվող բիոպլաստիկը։ Սա հիանալի գաղափար է և այսպիսի բիոպլաստիկից պատրաստված տոպրակներ, բաժակներ, շշեր կարելի է պատրաստել մեծ ծավալով։

    Եկեք մի իրավիճակ պատկերացնենք։ Կակտուսից ստացվող բիոպլաստիկի ստացման ընթացքը և դրա բաղադրությունը ամբողջովին պարզ է և կարելի է այն հասցնել մեծ ծավալների արտադրության։ Խնդիրն այն է, որ բացի այս ոլորտում աշխատող գիտական համայնքից և էկոկայունության խորը գիտելիքներ ունեցող մարդկանցից՝ բոլորը թերահավատորեն են մոտենում այս պլաստիկին և չեն ցանկանում գնել այն։
    Ձեր նպատակն է լուծել այս խնդիրը՝ այն է ի՞նչ անել որպեսզի այս բիոպլաստիկից կամ տոպրակները կամ բաժակներ կամ ձեր ընտրությամբ այլ բիոպլաստիկե իր գրավի մարդկանց ուշադրությունը և դրդի նրանց գնել այն։

    Սակայն այս խնդիրը լուծելու համար չենք սկսելու զրոյական կետից։ Ես ձեզ կտրամադրեմ լուսանկարներ, պատմություններ, տեսահոլովակներ այնպիսի երևույթների մասին, որոնք որևիցե կապ չունեն բիոպլաստիկի կամ պլաստիկի հետ։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ոլորտների ու երևույթների միջև կապեր գտնելն է օգնում մեզ ստեղծել հանճարեղ արտադրանքներ ու լուծել խնդիրներ։

    Ձեր խնդիրն է ուսումնասիրել ձեզ տրված ռեսուրսները և դրանցից ոգեշնչվելով ու դրանց վրա հիմնվելով՝ լուծել բիոպլաստիկից պատրաստված ապրանքների վաճառքի խնդիրը։ Դուք կարող եք անել բիոպլաստիկի հետ ցանկացած բան, անգամ, եթե այն ներկայում իրատեսական չի թվում։ Կարող եք օգտվել միաժամանակ տարբեր օրինակներից կամ կենտրոնանալ մեկի վրա։ Կարևոր է, որպեսզի վերջում կարողանաք բացատրել, թե ինչպես է տրված օրինակը կապվում ձեր գյուտին, արտադրանքին։

    Կարող եք ստեղծել մանրակրկիտ նկարագրություն ձեր բիոպլաստիկե տոպրակի/բաժակի կամ այլ արտադրանքի համար և նաև նկարել այն թղթի վրա կամ ստեղծել պատկեր համակարգչով։ Դուք կարող եք օգտագործել ձեզ հասանելի ցանկացած գործիք։

    Կարող եք աշխատել խմբերով կամ առանձին։

    Ունեք 15 րոպե ժամանակ

    Մարզիչը հպանցիկ ցուցադրում է բոլոր ռեսուրսները հետո, լուսանկարներն ու տեսահոլովակների հղումները տրամադրում նաև զրուցարանում։

  • Ուղղորդումներ

    Վարժությունը ճիշտ պատասխան չունի։ Ոգեշնչվելով օրինակներից՝ ուսանողները կարող են փոփոխել պլաստիկի ձևը, գույնը, չափը, ճկունությունը, կառուցվածքը, տալ տոխնոլոգիական լուծումներ՝ կարելի է անել ամեն բան։
  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները անպայմանորեն կարողանում են պարզաբանել, թե իրենց ստեղծածը ինչպես է կապվում տրամադրված օրինակներին/օրինակին

    2․ Ուսանողները պահպանում են արտադրանքի գործառույթը, այսինքն՝ բիոպլաստիկե տոպրակները կարող են իրեր տեղափոխել, շշերը կարող են հեղուկ պահել իրենց մեջ և օգտագործվել և այլն

    3․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։


Յայոյի Կուսամայի հավերժության հայլիները
<<Սասունցի Դավիթ>> էպոսը
Վոլֆգանգ Բաթրեսի ճարտարապետական գլուխգործոցը՝ ոգեշնչված մեղուներից և նրանց փեթակներից
Ալեքսանդր Մքքուինի հագուստների նոր շարքը
Մոլեկուլային խորտկագիտությունը խոհարարության մեջ
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Այժմ պատկերացրեք, որ դուք ձեր բիոպլաստիկի արտադրանքի գաղափարը պետք է ներկայացնեք գերխոշոր սննդի ցանցի տնօրենի, որի սննդի կետերում ահռելի քանակով պլաստիկե արտադրանք է օգտագործվում։

    Ձեր ելույթը պետք է շատ հակիրճ և պատմության ձևով ներկայացնի ձեր բիոպլաստիկից արտադրանքը և բացատրի՝ ինչու նա պետք է իր սննդի ցանցի համար գնի հենց ձեր արտադրանքը։ Ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն։

    Ելույթը պետք է կազմված լինի երկու տեսակի նախադասություններից՝ էմոցիոնալ և ռացիոնալ։ Սկսեք էմոցիոնալ նախադասությամբ և հերթափոխեք տեսակները։

    Էմոցիաները, որոնք դուք ձեր ելույթի միջոցով կառաջացնեք, կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական՝ վախ, բարկություն․ լարվածություն, ոգևորվածություն, երջանկություն և այլն։ Հիանալի կլինի եթե դուք կարողանաք բարկություն առաջացնել ներկայիս խնդրի մասին և ոգևորություն ապագայի մասին, երբ խնդիրն արդեն լուծված կլինի։ Տրամաբանական նախադասությունները հիմնեք թվերի, փաստերի ու ցանկացած տվյալների այլ աղբյուրների վրա։ Կարող եք անգամ ձեր կողմից ստեղծված նկարներ օգտագործել։ Պատրաստվելու համար ձեզ կտամ 10 րոպե ժամանակ:

    Ամեն ելույթից հետո ներկայացնողին պետք է խումբը հղի առնվազն մեկ հարց և ներկայացնողը պետք է ստանա առնվազն մեկ հետադարձ կապ իր ելույթի մասին։ Հետադարձ կապը պետք է լինի ելույթի և՛ դրական, հաջողված մասերի, և՛ բարելավման կարիք ունեցող հատվածների մասին։

    Այլ մասնակիցների ելույթների ժամանակ կարող եք նաև նշումներ անել՝ հաջող հետադարձ կապ տրամադրելու համար։

  • Ուղղորդումներ

    Հաջողված ելույթի 3 սյուներն են․

    Էթոս - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները ուշադիր լսում են ներկայացնող ուսանողին, հղում առնվազն մեկ հարց։

    2․ Ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

    3․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։



Close
Կատարել նշում